Օրեր առաջ NEWS.am-ը Վանաձորի ավագանու ԲՀԿ-ական անդամը կասկածվում է ավագանու ՀՀԿ-ական անդամի բնակարանիգողության մեջ  հոդվածում անդրադարձել էր Վանաձոր համայնքի ավագանու  նորընտիր անդամ, ՀՀԿ-ական Վահե Դոխոյանի բնակարանից կատարված գողությանը  եւ այդ գողության մեջ  Վանաձորի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Այվազյանին որպես կասկածյալ ներառելուն  ու նաեւ նրա բնակարանը խուզարկելուն:

Կատարվածը բուռն քննարկումների առիթ տվեց Վանաձորում, ոմանք նշում են, որ Վահե Դոխոյանն անձամբ է բողոքել Արմեն Այվազյանի դեմ, ոմանք էլ փաստում են, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ըստ նրանց . «Արմենը գող չի, Վահեն էլ՝ բողոքող»:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վահե Դոխոյանը ներկայացնելով կատարվածը, նշեց, որ ինքը չի ճանաչել Արմեն Այվազյանին, եւ հետեւաբար, չէր կարող նաեւ կասկածել. «Արմեն Այվազյանի դեմ իմ ընտանիքի անդամներից, իմ մերձավորներից եւ իմ ընկերներից ու անձամբ ես ոչ մի հայտարարություն չենք արել, եւ մեր կողմից ոչ մի կասկածի նոտա չի եղել,  կամ առհասարակ, երբեւէ մենք նման բան չենք ենթադրել»- ասաց նա: Նա նշեց, որ երբեւէ Արմեն Այվազյանի հետ որեւէ տեսակի կապ չի ունեցել, իրենց առաջին շփման առիթը եղել է այս ամենը:

Նշենք, որ նորընտիր ավագանու անդամ Վահե Դոխոյանը հանդիսանում է երիտասարդական հիմնադրամի  Լոռիի մարզային կենտրոնի ղեկավարը, աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական ամալսարանի գնումների եւ սպասարկման բաժնի պետ ու նաեւ դասավանդում է Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցներըխուզարկել են Վանաձոր համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանի բնակարանը: Արմեն Այվազյանին կասկածում են Վանաձոր համայնքի ավագանու նորընտիր անդամ Վահե Դոխոյանի բնակարանից հունիսին կատարված  գողության մեջ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ  զրույցում Արմեն Այվազյանը մեկնաբանելով կատարվածը, նշել էր, որ ինքը որեւէ կապ չունի այս ամենի մեջ, ու սա պարզապես քաղաքական հետապնդում է իր՝ ԲՀԿ-ական լինելու, ինչպես նաեւ ավագանու նիստերին տեղական իշխանությունների աշխատանքը կոշտ քննադատություննեի ենթարկելու համար: