Պարզվում է՝ ԲՀԿ-ն այս քառօրյայում հաճելին համակցել է օգտակարի հետ: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Ձեւով Օսկանյանին պաշտպանիչ, բովանդակությամբ նրան վայրկյանների ընթացքում լքած ԲՀԿ-ն, փաստորեն, ավելի կարեւոր հարց էր լուծում՝ բոյկոտելով այս քառօրյայի նիստերը։ Բանն այն է, որ Օսկանյանի «հարցից» հետո ԱԺ-ում քննարկվելու էր 2011թ. ՀՀ բյուջեի տարեկան հաշվետվությունը։

ԲՀԿ-ի հաշվարկը հետեւյալն էր, քանի որ բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ «այլընտրանքային» եւ այլ «տրանքային» ուժը չի կարող շանթ ու կայծակ արձակել կառավարության հասցեին՝ պահանջել «կյանքի կոչել իր ծրագրերը», որովհետեւ այդ կառավարությունում ուներ չորս նախարարական ու բազում փոխնախարարական պորտֆելներ, երգով-պարով նահանջի էր «ելել», որպեսզի հաշվետվությունը քննարկվի, որից հետո արդեն հաղթականորեն գա դահլիճ եւ քարը քարին չթողնի՝ 2013-ի բյուջեի քննարկման ժամանակ, պոպուլիզմի միայն իրեն հայտնի դոզան արձակելով ի ծագս Հայաստանի։

Սակայն ոնց երեւում է, հաշվետվության քննարկումն այս քառօրյայում չի ավարտվի, եւ ԲՀԿ-ն ստիպված կլինի հաջորդ քառօրյան էլ բոյկոտել՝ այդպես է «չհասնելով» 2013-ի բյուջեի քննարկմանը»,- գրում է «Իրատես de facto»-ն: