1981 թ. Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի վրա հարձակում գործած Մեհմեդ Ալի Աղջան 30 տարվա բանտարկությունից հետո հունվարի 18-ին ազատ է արձակվել։
Մոտ օրերս, «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, Հռոմի Պապի վրա կրակած թուրքը, ով նախկինում «գորշ գայլեր» խմբավորման անդամ է եղել, բժշկական հետազոտություն կանցնի։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, ազատ արձակվելուց հետո Աղջան կտեղափոխվի զինվորական հոսպիտալ, որտեղ կհաստատվի, որ նա ենթակա չէ բանակում ծառայելու։
Բացի այդ, ազատության մեջ հայտնվելուց հետո Աղջան իրեն Հիսուս Քրիստոս է կոչել՝ հայտարարելով, որ այս հարյուրամյակի վերջին աշխարհը կկործանվի։ Ավելի վաղ ահաբեկիչը հայտարարել էր, որ կաթոլիկ է դարձել եւ մտադիր է ամուսնանալ։ Նա նաեւ հայտարարել էր, որ մտադիր է ամերիկացի գրող Դեն Բրաունի հետ համատեղ գիրք գրել, իսկ հետո գրքի հիման վրա ֆիլմ նկարահանել։
1981թ. մայիսի 13-ին Աղջան անհաջող մահափորձ էր իրականացրել Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ՝ կրակելով նրա վրա։ 19 տարի շարունակ Աղջան պատիժը կրում էր Իտալիայում։ Հռոմի Պապն այցելել էր նրան եւ երկար զրույցից հետո ներել բանտարկյալին։ Ավելի ուշ, Պապի խնդրանքով Իտալիայի նախագահ Կառլո Չամպին ներել էր հանցագործին եւ 2000թ. նրան թույլ էին տվել իր պատժի հետագա մասը անցկացնել Թուրքիայում։




























