«Ոչ մի տնտեսական անկում էլ չի նահանջում Հայաստանում, քանի որ ոչ մի դրական քայլ չի արվում այդ ուղղությամբ»,- հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Հարցին, թե ինչ պետք է անի կառավարությունը այս իրավիճակում, որոնք պետք է լինեն նրա առաջին 3-4 քայլերը, նա պատասխանեց. «Պետք է լինի պրոգրեսիվ եկամտահարկ, որը մենք դեռ վաղուց ենք առաջարկում: Կամ ծիծաղելի է ունենալ մասնավոր լոտո, որովհետեւ դա առանց ռիսկի եկամուտ է, մաքուր փող, եւ դա պետք է լինի պետական: Չի կարելի խրախուսել կառուցապատողներին, քանի որ նրանց պատճառով է երկիրը հայտնվել ճգնաժամում: Նրանք տներ են կառուցել, որոնք չեն վաճառվում եւ 5 տարի էլ դեռ չեն վաճառվելու: Իսկ քանի որ դա նրանք կատարել են վարկերի հաշվին, ապա ստիպված են հիմա վերավարկավորում իրականացնել»: Նրա ներկայացմամբ, բոլորովին անիմաստ եւ վնասակար է երկրի համար 20 հազար շքեղ բնակարաններ կառուցելը, որոնք չեն վաճառվում: «Ինչ իմաստ ունի 20 հազար շքեղ բնակարան կառուցել Երեւանում եւ փոշիացնել միջոցները: Դա արվում է մեր սերունդների հաշվին»,- ասաց Բագրատյանը:
Համեմատություն անցկացնելով հետպատերազմյան 1994 թվականի հետ, նախկին վարչապետը նկատեց. «1994-ին մենք ունեցել ենք 7 տոկոսանոց աճ, իսկ հիմա ուրախանում ենք, որ անկումը 15 տոկոս է: Այս տարի միանգամից 2 անգամ ետ ենք մնացել Ադրբեջանից»: Նա կանխատեսեց, որ ճգնաժամը Հայաստանում գնալով խորանալու է:



























