Պարզվել է Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից մահացածի եւ տուժածների ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, մահացել է «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդ, Երեւան քաղաքի բնակիչ, 52-ամյա Ռուբիկ Ստեփանյանը:

Երկու մեքենայում ուղեւորներն էլ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ, 16-ամյա Մեդա Խաչատրյանը, Երեւան քաղաքի բնակիչ, 60-ամյա Գենյա Այվազյանը, Մովսես գյուղի բնակիչ, 24-ամյա Հովսեփ Մեջլումյանը, 53-ամյա  Մանիկ Սաֆարյանը տաբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Իսկ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդ,  Երեւան քաղաքի բնակիչ, 36-ամյաԼեւոն Աղաջանյանի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի Իջեւան-Այգեհովիտ-Վազաշեն գյուղերի ավտոճանապարհին այսօր հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի եւ «Օպել» մակնիշի  ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մեկ երիտասարդ մահացել է, իսկ 7 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Տավուշի բաժնից:

Վիրավորներին տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նախնական տվյալներով` մահացած երիտասարդը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդն է եղել: