Եթե թիկնապահների մասին օրենքն ընդունվի այս տեսքով, ապա թիկնապահները կհամալրեն երկիրը լքողների շարքերը։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը: Իսկ նոր օրենքով նախատեսվում է կրճատել թիկնապահների թիվը, լիցենզավորել նրանց, թիկնապահական ծառայությունները դարձնել ոստիկանությանն առընթեր ծառայություն եւ այլն:
Արսեն Դավթյանի խոսքով` չլիցենզավորվելու արդյունքում թիկնապահները գործ չեն ունենա եւ կգնան այլ պետություններ` աշխատելու եւ այստեղ հարց է առաջանում, թե այդ ուժեղ տղաների արտագաղթով մեր պետությունը ուժեղանում է, թե թուլանում: Դրանից բացի` ընդունվելիք օրենքը նախատեսում է, որ մասնավոր ծառայություն անցկացնող թիկնապահը պետական պահպանություն իրականացնող թիկնապահների պես,գնա եւ զեկուցի պետական պահնորդական ծառայությանը, ինչը ոչ մի գործարար չի ցանկանա:
«Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրենի խոսքով` եվրոպական տարբեր երկրներում ոչ մի օրենքով չի սահմանվում, որ թիկնապահների քանակը պետք է պակասեցնել: «Թող լինի կայուն պետություն, թող չլինի հանցագործություն, թող վերանա թիկնապահությունը»,- ասաց նա` շեշտելով, որ կայուն պետության դեպքում ոչ մեկ թիկնապահ պահելու անհրաժեշտություն չի ունենա: Իսկ մեզանում թիկնապահների թիվը օրենքով կարգավորելը կբերի օրենքի շրջանցմանը, օրինակ` թիկնապահ պահողները նրանց մի մասին կգրանցեն, իսկ մյուսներին էլ կգրանցեն որպես բարեկամ, օգնական եւ այլն:
Անդրադառնալով թիկնապահի գործին` նա նշեց, որ ավարտելուց հետո նրանք ստանում են պլաստիկ քարտ, որի վրա ստորագրվում է հրահանգչի, տնօրենի, դասատուի անուն-ազգանունը, նրա սխալ քայլերի դեպքում մեղադրում են սովորեցնողներին: Նրա խոսքով` թիկնապահները իրավունք չունեն խմել, վիճել, բարձր խոսել, պետք է մեծին հարգեն, փոքրին սիրեն: Ի դեպ, թիկնապահի աշխատավարձը Հայաստանում սկսվում է 100.000 դրամից եւ միջինը կազմում է 150.000 դրամ, իսկ Եվրոպայում թիկնապահները ստանում են 3000 եվրո, ԱՄՆ–ում՝ 7000 ԱՄՆ դոլար։





























