Արտաշատի 45-ամյա բնակիչ Ա. Ա-ն այնքան է ծեծել կնոջը, որ նա չդիմանալով շարունակվող կտտանքներին ցած նետվելով պատշգամբից ինքնասպանություն է  գործել: Վեդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ: Ա. Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011 թվականի մինչեւ 2012թ. փետրվարի 23-ն Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի բնակչուհի Ք. Հ-ի հետ ապրելով համատեղ ամուսնական կյանքով, նրա նկատմամբ դրսեւորել է դաժան վերաբերմունք եւ պարբերաբար նվաստացրել է անձնական արժանապատվությունը, այն է` հաճախ ծեծի է ենթարկել, վիրավորել է նրան, աշխատած գումարները ծախսել ալկոհոլային խմիչքներ գնելու համար, ընտանիքի սոցիալական նվազագույն պայմանները չի հոգացել:

Ա.Ա-ի արարքներով ընտանիքում առաջացել են տեւական անբարենպաստ սոցիալ-հոգեբանական սթրեսածին պայմաններ, բացասական ապրումների վրա սեւեռվելու պատճառով առաջացած լարվածության կուտակումը Ք. Հ-ը սուբյեկտիվորեն ըմբռնել է որպես անելանելի, իսկ 2012թ. փետրվարի 13-ին, ժամը 21:30-ի սահմաններում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքից հետո Ք. Հ-ի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում «Սուր դեպրեսիվ հակազդման ձեւով», ինչի արդյունքում Ք. Հ-ը դիմել է ինքնասպանության` ցած է նետվել պատշգամբից եւ մահացել:

Քրեական գործ է հարուցվել 110  հոդվածի  1-ին մասով եւ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց է ընտրվել: