Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հայ Բարեգործական Ընդհանուր Միության անդամներին եւ Հալեպի Կիլիկյան վարժարանի հոգաբարձուներին` ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի քաղաքական ժողովի ատենապետ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արեւելքի եւ Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում պրն. Յակուբյանն անդրադարձավ Սիրիայում տիրող կացությանը եւ ներկայացրեց սիրիահայերին օժանդակելու նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքները:

Ողջունելով եւ հայրապետական իր օրհնությունը բերելով սիրիահայ ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ի մասնավորի` սիրիահայ համայնքի ծանր կացության առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ պատմության ընթացքում Սիրիայում հայ ժողովրդի զավակների ջանքերով կերտված մշակույթն ու ժառանգությունը, հոգեւոր-ազգային արժեքներն այսօր վտանգված են:

Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներին եւ բոլոր այն ազգային հաստատությունների անդամներին, ովքեր այս դժվարին իրավիճակում հաստատուն կերպով կանգնած են Սիրիայի հայ համայնքի կողքին եւ ջանք չեն խնայում հայ ժողովրդի զավակների հոգսը թեթեւացնելու եւ օգնության ձեռք մեկնելու համար:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տերը խաղաղություն հաստատի Սիրիայիում, որպեսզի Սիրիայի ժողովուրդը, որի անբաժանելի մասն է կազմում հայ համայնքը, կարողանա վերադառնալ իր բնականոն լիարժեք կյանքին: