Երեւանի քաղաքապետարանում այսօր` հոկտեմբերի 8-ին կայացել է ամենշաբաթյա հերթական խորհրդակցությունը: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Արձանագրված խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե զեկուցվել է նաեւ, որ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Առաջիկայում շահագործման կհանձնվի եւս 2 ավտոբուսային երթուղի:

Սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման, փոսալցման, փոսանորոգման եւ ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետեւել հատկապես կատարվող աշխատանքների որակին:

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել է մայրաքաղաքի տարածքում առկա հին եւ ոչ պիտանի գովազդների ապամոնտաժման աշխատանքները: Առանձին դեպքերում դրանք թարմացվել են:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից կանաչ տարածքների, Նորքի եւ Դալմայի այգիների ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է նաեւ, որ իրականացվել է չորացած եւ վնասված մի շարք ծառերի սանիտարական էտում, զուգահեռաբար գույքագրվել են անկման ենթակա ծառերը` դրանք նորերով փոխարինելու համար: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել աշնանային ծառատունկի կազմակերպման նպատակով:

Ասիական զարգացման բանկի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երեւանում երկու ճանապարհային հատվածների` մասնավորապես Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց եւ Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղություններով կառուցվելիք նոր ճանապարհների կառուցման հետ կապված, ստորագրվել է նախագծման պայմանագիր եւ մեկնարկել են վերջնական նախագծերի կազմման աշխատանքները: