Ոստիկանության բաժանմունքում քաղաքացի Գրիգոր Ղամբարյանին ծեծի են ենթարկել, արժանացրել պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչի արդյունքում, Ղամբարյանն ինքն իրեն մարմնական վնասվածքներ էր հասցրել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՄԻՊ արագ արձագանքման բաժնից:
Վերջիններս կատարվածի մասին ահազանգել են հոկտեմբերի 5-ին պաշտպանի 116 թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը պատմեց, որ Գրիգոր Ղամբարյանին բերման են ենթարկել ոստիկանություն, իսկ հետո տեղափոխել Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները այցելել են Գրիգոր Ղամբարյանին, առանձնազրույց են ունեցել նրա հետ: Վերջինս հայտնել է, որ իրեն մեկ օր անհիմն պահել են ոստիկանությունում, ծեծի են ենթարկել, արժանացրել պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի (ըստ Ղամբարյանի` այդ վատ վերաբերմունքի պատճառով ինքն իրեն մարմնական վնասվածքներ էր հասցրել): Գրիգոր Ղամբարյանի մարմնի վրա առկա մարմնական վնասվածքները գրանցված է եղել ձերբակալվածների պահման վայրի բուժզննության գրանցամատյանում: Ղամբարյանը Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին հայտնել է նաեւ, որ ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են իրեն փաստաբան տրամադրել:
Վերոնշյալ հանգամանքների վերաբերյալ Գրիգոր Ղամբարյանը Պաշտպանին դիմում-բողոք է ներկայացրել: Անդրեյ Աղամալյանից տեղեկացանք, որ Ղամբարյանին կալանավորել են: «Մեր արձանագրածների հիմման վրա գործին ընթացք ենք տվել»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը:
Հ.Գ. ՄԻՊ գրասենյակից քաղաքացու անունը փոխված են ներկայացրել:





























