ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 9-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Արձանագրվել է, որ 2012թ. սեպտեմբերին գնաճը 0.8% է, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 2.5%, որը տատանումների թույլատրելի միջակայքի ստորին մակարդակն է:

ԿԲ խորհրդի գնահատմամբ` արտաքին հատվածից ակնկալվող ազդեցությունները մնում են թույլ գնաճային: Նշվել է, որ զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները պահպանվում են, իսկ կանխատեսող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ: Այդուհանդերձ` պարենային ապրանքների միջազգային շուկայում դեռեւս պահպանվում է հիմնարար լարվածությունն ու ձեւավորված թույլ գնաճային միջավայրը՝ պայմանավորված ցորենի միջազգային գնի շարունակական աճով: Վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա շարունակվել է նաեւ սեպտեմբերին՝ հանգեցնելով «Հացամթերք» ապրանքախմբի գների աճի:

ԿԲ խորհուրդը գնահատել է, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը մնում է գնաճային` պայմանավորված մասնավոր սպառման աճի բարձր մակարդակի պահպանմամբ եւ սպասվածից ավելի արագ տեմպով տնտեսական աճով: Նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա շարունակվելու է որոշ չափով չեզոքացվել հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Չնայած տարվա անցած ինն ամիսների արդյունքներով 12-ամսյա գնաճը դեռեւս պահպանվում է տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ մակարդակում, այնուամենայնիվ, կանխատեսվող հորիզոնում արտաքին եւ ՀՀ տնտեսությունների կողմից ակնկալվում են որոշակի գնաճային ազդեցություններ ներքին գների վրա: Այդ պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը, որի միջոցով լիովին իրատեսական է կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը մոտեցնել 4% նպատակային ցուցանիշին՝ ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով: