2013 թ. հունվարին կամ փետրվարին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կբացվի Ազգային ճարտարագիտական լաբորատորիան; Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ սա Հայաստանի կրթական համակարգում շրջադարձային քայլ է, քանի որ մինչ այդ երբեւէ ուսումնագիտական լաբորատորիաների համար նման խոշոր ներդրումներ չեն կատարվել:

Ներդրումների ընդհանուր արժեքը 6,2 մլն դոլար է, կառուցվելու են 30-ից ավելի լաբորատորիաներ:  Գումարի կեսը հատկացնում է ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID-ն): Համաֆինանսավորող կողմ է հանդիսանալու ամերիկյան «Նեյշնլ Ինսթրումենթս» տրանսազգային կորպորացիան, որը ճարտարագիտական աշխարհում խոշորագույններից մեկն է: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել տրամադրել 1,5 մլն դոլար: Համաֆինանսավորող երրորդ կողմը ՀՀ կառավարությունն է՝ 350 հազ. դոլարին համարժեք ֆինանսավորման մասին որոշումն ընդունվեց այսօր: Պետական ճարտարագիտական համալսարանն իր արտաբյուջետային միջոցներից կհատկացնի 450 հազ. դոլար:

Ավելի վաղ NEWS.am-ը հատնել էր, որ լաբորատորիան ցուցադրվել է նաեւ «ԴիջիԹեք 2012» տեխնոլոգիական ցուցահանդեսում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի