Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում կտեղակայվի գերժամանակակից լաբորատորիա (ANEL ծրագիր): Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը:

Նրա տեղեկացմամբ` լաբորատորիայի արժեքը 6 մլն դոլար է, որի կեսը ֆինանսավորելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Գումարների մի մասը կհատկացնի համալսարանը, մի մասը` ՀՀ կառավարությունը:

Լաբորատորիայի հնարավորությունները ցուցադրվել են նաեւ Երեւանում հոկտեմբերի 5-7-ը տեղի ունեցած «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում: Տաղավար է այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ աջակցություն խոստացել: Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի իր պահուստային ֆոնդից համաֆինանսավորման կարգով միջոցներ հատկացնելու մասին:

Լաբորատորիան տեղակայվելու է 1400 քառ. մետրի վրա, Համալսարանի 10-րդ մասնաշենքում, զբաղեցնելու է 4 հարկ: Լաբորատորիան կսպասարկի համալսարանի 6 ֆակուլտետներին, ուսանողները հնարավորություն կուենան այնտեղ կատարելու իրենց լաբորատոր աշխատանքը: Լաբորատորիայի 2 հարկ կհատկացվի գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով, որից կարող են օգտվել նաեւ գիտնականներն ու մասնագետները: Հետագայում լաբորատորիան կսպասարկի ողջ հանրապետությանն ու ճարտարագիտական համայնքին: Լաբորատորիայի սարքավորումները տրամադրելու է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը: