Ֆրանսիացի դպրոցականները երեքշաբթի շարունակել են արգելափակել լիցեյների մուտքերը և բողոքել ուսման պայմանների դեմ։ Լիլում ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների․ դեռահասները հրկիզում էին աղբամանները, ուժայինների ուղղությամբ նետում շշեր, քարեր և այլ առարկաներ, իսկ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Բողոքի ակցիաները սկսվել էին դեռ անցած շաբաթ Փարիզի շուրջ Իլ-դը-Ֆրանս շրջանում, ապա տարածվել երկրի այլ քաղաքներ։ Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ երեքշաբթի շրջանի մոտ տասը լիցեյներում արձանագրվել են արգելափակումներ։ Ակցիաներ են անցկացվել նաև Մարսելում, Բորդոյում, Լիոնում, Նանտում և Ռենում։

Դպրոցականները պահանջում են բարելավել ուսուցման պայմանները։ Հիմնական դժգոհությունների թվում են գերծանրաբեռնված դասարանները, ուսուցիչների պակասը, լարված ժամանակացույցը և վերջերս գրանցված շոգի ալիքներից հետո ուսումնական տարածքներում չափազանց բարձր ջերմաստիճանը։
Լիլում Սեզար Բաջոյի լիցեյի աշակերտները հրկիզում էին աղբարկղերը, վնասում կանգառներն ու գովազդային կառույցները։ Նանտում դեռահասները տասնյակ աղբամաններ են շարել Գաբրիել Գիստ'ոյի լիցեյի մուտքի մոտ՝ խոչընդոտելով անցուդարձը։ Փարիզում մոտ 30 դպրոցական ընդհարվել են ոստիկանության հետ Արագոյի լիցեյի մոտ։ Ռենում շուրջ հարյուր աշակերտներ տարբեր առարկաներ էին նետում Բրեշինիի լիցեյի շենքի ուղղությամբ։
«Մենք այստեղ ենք նաև մեր ուսուցիչներին աջակցելու համար, որոնց աշխատանքը ահավոր շատ է՝ ի տարբերություն իրենց աշխատավարձի»,- Ֆրանսպրես գործակալությանը պատմել է փարիզյան դպրոցներից մեկի 17-ամյա աշակերտուհին։

Դպրոցականների բողոքի ակցիաները տեղի են ունենում միաժամանակ կառավարության ծախսերի կրճատման ծրագրերի դեմ համազգային գործադուլների և ցույցերի ալիքի հետ։ Փարիզում և այլ քաղաքներում սպասվում էին տասնյակ հազարավոր մասնակիցներ։ Գործադուլին մասնակցում են, մասնավորապես, ուսուցիչներ և հրշեջներ, իսկ հասարակական տրանսպորտի աշխատանքը զգալիորեն ավելի քիչ է տուժել։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն նախօրեին լիցեյներում բողոքների հնարավոր սրացումն անվանել է «անպատասխանատու»։ Ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը հայտնել է, որ երկուշաբթի ձերբակալվել է 164 մարդ, իսկ ակցիաներն ընդգրկել են 180 դպրոց։
Ֆրանսիայի կառավարությունը միաժամանակ բախվում է բյուջեի նախագծի դեմ հանդես եկող արհմիությունների ճնշմանը։ Արհմիությունները պահանջում են վերանայել խնայողության ծրագրերը և ավելացնել պետական ծառայությունների վրա կատարվող ծախսերը։




























