Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 45.000:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, թե 2010 թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որով մի շարք պարտավորություններ է ստանձնել՝ ուղղված նաեւ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը եւ պաշտպանությանը:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները դեռեւս մնում են չպաշտպանված: Սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են մեկուսացված մնալ համայնքից, հասարակական կյանքից, զրկված են անկախ կյանք վարելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություններից:

Սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դեռեւս առկա է խարանը, կարծրատիպերը, խտրականությունը, որոնք իրենց հերթին հանգեցնում են նրանց խոցելիությանը, հասարակությունից մեկուսացմանը եւ իրավունքների խախտման ռիսկերի առաջացման:

Համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ «...հաշմանդամությունը էվոլյուցիոն երեւույթ է, եւ որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց եւ վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջեւ, …» (նախաբան «ե» կետ):

Չնայած կոնվենցիայի վավերացմանը, գտնում ենք, որ անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն անհրաժետ քայլեր եւ հետեւողականություն չեն դրսեւորել սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության՝ հատկապես խտրականության  դրսեւորման նվազեցման եւ բացառման ուղղությամբ: