Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի 36-ամյա բնակիչ  Խ. Հ-ն ծեծելով փորձել է  բռնաբարել ուկրաինուհի Գ. Բ-ին, սակայն կնոջ համառության արդյունքում չի հասցրել ավարտին հասցնել իր հանցավոր ցանկությունը: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

36-ամյա Խ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 31-ին` ժամը 10.30-ի սահմաններում իրենց` Երեւանի Գ.Նժդեհի փողոցի բնակարանում Գ. Բ-ի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ձեռքերով հարվածելով ու ստորին ծնոտի շրջանի քերծվածքի, ձախ ճակատային, քթի, պարանոցի ձախ ուսահոդի, բազկի, կրծքավանդակի, ձախ գոտկային, զստային շրջանների, վերին եւ ստորին շրթունքների ներսային մակերեսների արյունազեղումների, քթի ոսկրերի փակ կոտրվածքի ձեւով նրա առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելով, փորձել է Գ.Բ-ի հետ` նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ: Սակայն վերջինս դիմադրել է, նստել է հյուրասենյակի պատուհանագոգին ու բղավել:

Գ.Բ-ի բղավոցները լսելով` օգնության են հասել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները եւ կանխել Խ.Հ-ի հետագա հանցավոր գործողությունները, ինչի պատճառով էլ վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել չի կարողացել: Քրեական գործ է հարուցվել 138 հոդվածի 1-ին մասով: Գործը դատարան է ստացվել` երեկ հոկտեմբերի 9-ին, իսկ դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 15-ին: