ՀՀ կառավարությունն այսօր` հոկտեմբերի 10-ին որոշում ընդունեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը 4.5 մլրդ դրամ հատկացնելու մասին: Գումարը պետք է տրամադրվի Երեւանի քաղաքապետարանին` Երեւան քաղաքում ասֆալտ բետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքներին օժանդակելու նպատակով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած բացատրագրում նշված է, որ Երեւան քաղաքում պողոտաների եւ փողոցների ասֆալտբետոնյա ծածկի լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ վերջին տարիներին չեն իրականացվել: Ի լրումն` նախորդ տարվա տեղումների ծավալների զգալի ավելացման պատճառով կենտրոնական փողոցների եւ պողոտաների, ինչպես նաեւ մայթերի հատվածներում ասֆալտբետոնյա ծածկը ամբողջովին քայքայվել է, ինչն էլ անանցանելի իրավիճակներ է ստեղծում հետիոտնի եւ երթեւեկի համար:
Ակնկալվում է Երեւան քաղաքում ունենալ շուրջ 644 հազ. քառ մետր նոր, բարձրորակ ասֆալտբետոնյա շերտ երթեւեկելի հատվածներում, շուրջ 37.5 հազ. քառ մետր ասֆալտբետոնյա շերտ մայթերի հատվածներում, ինչպես նաեւ` շուրջ 15 հազ. գծմ նոր եզրաքարերի տեղադրում։





























