«Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե ստորագրահավաք իրականացնող իրենց աշխատակիցներին հետեւում են:
«Հայրենի իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ «պաշտպանել» «Սիվիլիթասի» եւ նրա աշխատակիցների շահերը: Վերջին օրերին անհայտ անձինք մեծ հետաքրքրությամբ եւ «սրտացավությամբ» հետեւում են «Սիվիլիթասի» աշխատակիցներին, թե ինչպես են նրանք ստորագրահավաք կազմակերպում փողոցներում՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների: Այդ անհայտ անձինք չեն խորշում անգամ հիմնադրամի աշխատակիցներին ուղեկցել մինչեւ տուն։
Մենք անընդունելի ենք համարում նման գործելաոճը: Այն որեւէ կերպ չի տեղավորվում կառավարական որեւէ օղակի պատասխանատվության շրջանակներում։ Եթե հարկային ճնշումներն ու որոշ լրատվամիջոցների անհիմն հրապարակումները ի վիճակի չեղան թուլացնել Սիվիլիթասի աշխատակիցների վճռականությունը, այս միջոցներն էլ են ապարդյուն լինելու։
Մեր գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առավելագույնս թափանցիկ եւ հրապարակային է, եւ ավելի լավ կլինի՝ իրավապահ եւ անվտանգության մարմինները զբաղվեն նաեւ պետության իրական անվտանգությանն առնչվող խնդիրներով»,- ասված է հայտարարության մեջ։




























