Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի «Իտալական» թաղամասի  վագոն-տնակում ապրող Սոնա Ապոյանի ընտանիքը գտնվում է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքում ապրում են Սոնան, ամուսինն ու նրանց երկու երեխաները՝ 5 տարեկան աղջիկն ու  2 ամսական տղան:

Սոնան ամուսնացել է 2004 թվականին: Մեկ տարի անց ծնվել է նրանց առաջնեկը՝ Տիգրանը, ով, սակայն, հասցրեց ապրել ընդամենը 4 տարի:

2009թ-ի հունիսի 20-ին, Սոնան, 4-ամյա Տիգրանի եւ մեկ տարի 8 ամսական աղջկա հետ սկեսրոջ տուն գնալու ճանապարհին վթարի է ենթարկվում: Երկու մեքենա բախվում են իրար, ինչի արդյունքում «Երազ»  մակնիշի մեքենան, խուսափելով բախվելուց, դուրս է գալիս մայթ ու հարվածում 4-ամյա Տիգրանին: «Առաջին հարվածը կպավ տղայիս, շորն ընկավ մեքենայի երկաթին ու քաշելով երեխուս գցեց անիվների տակ, մոտ 100 մետր ջարդել-տանելով»- NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում պատմեց Սոնա Ապոյանը:

Տիկին Սոնայի  փոխանցմամբ, ինքը վթարի մեղավորներին մինչ օրս որեւէ պահանջ չի ներկայացրել, միայն խնդրել է երեխայի շիրմաքարը կառուցել:

Ընտանիքն այսօր ունի երկու անչափահաս երեխա: Երկրորդ տղան ծնվում է ողբերգական դեպքից երեք տարի անց, որին եւս, Սոնան, երդման համաձայն, անվանակոչում է Տիգրան՝ մահացած փոքրիկի  անունով. «Հիմա փոքր Տիգրանս երկու ամսական ա, դեմն էլ ձմեռ ա, ես չգիտեմ` ի՞նչ եմ անելու վագոն տնակում, ո՞նց ենք դիմակայելու ձմռանը»:

Սոնայի խոսքով, ինքը պետությունից մինչ օրս որեւէ գումար չի ստացել, միայն փոքրիկի ծնվելուց հետո է արդեն սկսել զբաղվել երեխային տրվող նպաստի հարցերով. «Երեխայի մահից հետո պետությունից չեմ ստացել նպաստ, փոքրիկիս ծնվելուց հետո նոր փորձում եմ կարգավորել նպաստի հարցերը»: Իսկ սոցիալական նպաստ չստանալու պատճառը եղել է այն, որ  Սոնան ամուսնու հետ գրանցված են եղել ամուսնու հայրական տանը, որտեղ գրանցված չափահաս անձինք շատ են: Երեխայի ծնվելուց մինչ օրս ստացել են միայն 17 000 դրամ՝ երեխայի համար տրվող կաթի գումար, իսկ սպասվող նպաստը, որը կկազմի մոտ 28000 դրամ, դեռեւս չեն ստացել:

Ընտանիքը չունի սեփական կացարանը, ապրում են ամուսնու եղբոր կողմից տրված վագոն-տնակում:

Ամուսինը՝ Հայկ Թորոսյանը,  զբաղվում է բանվորությամբ, ունի լսողության խնդիր, ինչպես նաեւ առողջական մի շարք այլ խնդիրներ: Նրա փոխանցմամբ, ամռանն ինքը տարբեր քաղաքներում բանվորություն է արել, հիմա փորձում է աշխատել հացի փռում, սակայն ինչպես ինքն է ասում, իր բանը չէ, չի հասցնում, քանի որ վատ է լսում: Այժմ, երբ գնալով դադարում են շինարարական աշխատանքները, ինքը եւս կորցնում է աշխատելու հնարավորությունը:

Բնակարանը ջեռուցում են էլեկտրական սալիկով, որի վարձը եւս թանկ է: Ընտանիքին այժմ առաջին հերթին հուզում է ձմռանը վագոն-տնակը տաքացնելու հարցը: Երկու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի մայրը չի կարողանում աշխատել՝ երեխաներին է խնամում, իսկ ամուսինը մասնավոր աշխատանքներով չի կարողանում հոգալ ընտանիքի նույնիսկ նվազագույն ծախսերը:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարներ՝հեղինակի