Սեպտեմբերի 9-ին Գյումրի քաղաքում կայացած համայնքի ղեկավարի հերթական ընտրության արդյունքում քաղաքապետ է ընտրվել Սամվել Բալասանյանը, ով այսօր կանցնի իր պարտականությունների կատարմանը: Կառավարությունը երեկ` հոկտեմբերի 10-ին, վաղաժամ դադարեցրել էր Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները: Իսկ Կառավարության որոշումից հետո` 24 ժամվա ընթացքում, նորընտիր քաղաքապետը անցնում է իր լիազորությունների կատարմանը:

Գյումրիի նորընտիր քաղաքապետը համաձայնեց պատասխանել NEWS.am-ի մի քանի հարցերին:

Ստանձնելով Գյումրիի քաղաքապետի լիազորությունները` որո՞նք են լինելու ձեր առաջին քայլերը: Ի՞նչ եք անելու եւ կա մի բան, որ չեք անելու:

Տարիների ընթաքում քաղաքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին առանձին-առանձին խոսելու համար երկար ժամանակ է հարկավոր: Դժվար է ասել, թե որը կլինի հենց առաջին քայլը, քանզի կան ընթացիկ եւ ամենօրյա լուծում պահանջող բազմաթիվ հարցեր, սակայն առաջիններից մեկը լինելու է գույքարում անցկացնելը, որպեսզի պարզենք, թե փաստացի ինչ ունենք, որից հետո էլ կկարողանանք ավելի կոնկրետ խոսել մեր անելիքների մասին: Իսկ ինչ վերաբերվում է հարցի երկրորդ մասին, ապա ասեմ, չեմ անի այնպիսի քայլեր, որոնք թեկուզ աննշան, բայց կվնասեն Գյումրու եւ գյումրեցու շահերին:

Սովորաբար ընդունված է, որ նոր եկող պաշտոնյան այսպես ասած սկսում է «կադրային ջարդ», բերում է իր կադրերին, աշխատանքից ազատում կամ իրենց դիմում համաձայն ազտավում են նախորդի օրոք աշխատած մարդիկ: Ի՞նչ կադրային փոփոխություններ եք պատրաստվում անել Գյումրիում, ո՞վ է լինելու այն պաշտոնյան, որից առաջինն եք ազատվելու, աշխատելո՞ւ եք արդյոք Վարդան Ղուկասյանի կադրերի հետ:

Կադրային քաղաքականության մասին նախընտրական քարոզարշավների ժամանակ խոսել եմ եւ կրկնեմ եւս մեկ անգամ. եթե կան մարդիկ, ովքեր տիրապետում են համապատասխան մասնագիտական որակի, կմնան եւ կշարունակեն աշխատել: Կադրերի հարցում առաջնորդվելու եմ բացառապես այս սկզբունքով:

Ինչպիսի՞ ժառանգություն եք ստանում Վարդան Ղուկասյանից, արածնե՞րն են շատ, թե՞ չարածները: Որպես նրան հաջորդող քաղաքապետ, ով երկար տարիներ ապրել է Գյումրիում, 5 բալանոց սանդղակով ինչպե՞ս կգնահատեք Վարդան Ղուկասյանի աշխատանքը:

Քաղաքապետի պարտականությունները ստանձնելուց հետո կհրավիրվեն համապատասխան մարմինների ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են բյուջետային վերահսկողություն եւ վերջիններիս ուսումնասիրությունների արդյունքներն էլ կլինեն Ձեր ասած համապատասխան գնահատականները: 

Ի՞նչ դեր եք ունեցել դուք Վարդան Ղուկասյանի հրաժարականի դիմում գրելու մեջ, այսինքն` որոշակի ճնշումներ կամ քայլեր ձեր կողմից եղե?լ են, կամ ըստ ձեզ` ինչի՞ է ինքը որոշել ժամանակից շուտ հեռանալ` չհամբերելով մեկ ամիս:

Ճիշտ կանեք այդ հարցն ուղղեք հրաժարական տվողին եւ նման խոսակցություններ տարածողներին: