Թերթը գրում է, թե ՊՆ քննչականի վարույթում գտնվող «գոմեշի մսի» գործը վերջին օրերին կրկին սկսեց լայնորեն քննարկվել: Ու թեեւ Սերժ Սարգսյանն ասել էր «մեծ ձկներից» սկսել, դեռ ՊՆ-ի որսած ամենամեծ ձուկը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է: Արդյոք «գոմեշի մսի» պատմության մեջ խառնված չեն հայրենի գեներալիտետի ներկայացուցիչներ եւ այլ μարձրաստիճան պաշտոնյաներ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ.

Պարոն Հարությունյան, հայտնի «գոմեշի» մսի ներկրման հետ կապված՝ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

Այդ հարցը պետք է տալ զինվորական դատախազությանը, որոնք պետք է քննություն իրականացնեն՝ այդ ամենի հետ կապված: Միայն իրենք կարող են ասել, թե ովքեր են այդ ամենի մեղավորները, եւ ով կապ ունի այդ ներկրման հետ:

Ձեր պաշտոնավարման տարիներին ե՞ւս գոմեշի միս է մատակարարվել բանակին:

Ոչ, այդպիսի բաներ չեն եղել: Իմ ղեկավարման տարիներին նման դեպք, իհարկե, չի եղել: Միայն նշեմ, որ դա շատ վատ երեւույթ է, եւ դրա մասին գնահատականը նախագահն արդեն տվել է: Իսկ ովքեր որ մեղավոր են, պետք է պատասխան տան:

Ուզում եք ասել, որ հայ զինվորին մշտապես անորակ մթերք չի՞ «մատուցվել»:

Գիտեք, բանակում... չգիտեմ՝ վերջին դեպքերի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, բայց այն ժամանակներում՝ ոչ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին եւ ոչ էլ իմ, այդպիսի երեւույթներ չեն եղել:

Այսինքն՝ սա նո՞ր երեւույթ է:

Նոր երեւույթ (ծիծաղում է-«Ժ.»), Դուք արդեն հարցին պատասխանեցիք: Այո, այդպիսի երեւույթներ առաջ չեն եղել, այդպիսի երեւույթի մասին մենք առաջին անգամ ենք լսում: