Առաջիկա տասնամյակում 142 միլիոն աղջիկներ կարող են ամուսնանալ մինչեւ 18 տարեկանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից: Չնայած այդ երեւույթը նվազեցնելու ջանքերին, երեխաների ամուսնության հաճախականությունը վերջին տասնամյակում մնացել է նույնը:
Նշենք, որ ՄԱԿ-ն առաջին անգամ աշխարհում այսօր` հոկտեմբերի 11-ին, նշում է Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այս տարի երեխաների ամուսնությունն է: Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակում է զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով: Ըստ այդ զեկույցի` եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչեւ 2030 թ.-ն յուրաքանչյուր տարի ամուսնացող մանկահասակ հարսնացուների թիվը 2010 թ.-ի 14.2 մլն-ից կհասնի 15.1 մլն-ի՝ աճելով ավելի քան 14%-ով:
2010 թ.-ին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության կամ այլ համապատասխան մարմնի հաստատման ամուսնության նվազագույն օրինական տարիքը կանանց համար սահմանել է 18 տարեկանը: Այդուհանդերձ, 2010 թ.-ին զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) յուրաքանչյուր երեք աղջիկներից մեկը կամ 67 միլիոն աղջիկ ամուսնացել էր մինչեւ 18-րդ տարեդարձը: Այդ մանկահասակ ամուսնությունների կեսը տեղ էր գտել Ասիայում, իսկ եւս մեկ հինգերորդը՝ Ենթասահարային Աֆրիկայում: Ինչեւէ, այս երեւույթը լայնորեն տարածված է նաեւ Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք համայնքներում: Գրանցվել է նաեւ առաջընթաց, եւ, ըստ զեկույցի, մանուկների ամուսնությունները նվազել են մի շարք զարգացող երկրներում՝ ներառյալ Հայաստանը, Բոլիվիան, Եթովպիան եւ Նեպալը, ի թիվս այլ երկրների:
«Երեխաների ամուսնությունը մարդու իրավունքների մի սարսափելի ոտնահարում է եւ աղջիկներից խլում է նրանց կրթությունը, առողջությունն ու երկարաժամկետ հեռանկարները:Ամուսնությունն աղջիկների դեպքում կարող է բերել հղիությանն առնչվող եւ ծննդաբերական բարդությունների, որոնք զարգացող երկրներում հանդիսանում են 15-ից 19 տարեկան աղջիկների մահացության հիմնական պատճառները», - ասում է ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն, դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը:
Զեկույցի համաձայն` աղքատ, քիչ կրթված կամ ընդհանրապես կրթություն չունեցող եւ գյուղական վայրերում բնակվող աղջիկներն առավել հավանական է, որ ամուսնանան մանուկ հասակում: Զարգացող աշխարհի գյուղական վայրերում բնակվող աղջիկների համար մինչեւ 18 տարեկանն ամուսնանալու հավանականությունը կրկնակի մեծ է քաղաքաբնակ աղջիկների համեմատությամբ, իսկ կրթություն չունեցող աղջիկների պարագայում այդ հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է, քան միջնակարգ եւ բարձրագույն կրթությամբ աղջիկների դեպքում: Աղջիկների խոցելիությունը մանուկ հասակում ամուսնանալու առումով էականորեն աճում է հումանիտար ճգնաժամերի ժամանակ:




























