Պետական մարմիններում հաստիքների թիվը 2013 թ. կավելանա 222-ով, իսկ նախագահի աշխատակազմը կկրճատվի։ 2013 թ. բյուջետային ուղերձում նշված է, որ ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագծում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով 17105 հաստիքային միավորների քանակը:
2012 թ. համեմատ պետական հաստիքների թիվն ավելացել է 222 միավորով: Թվաքանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է պետական կառավարման առանձին մարմիններում կառուցվածքային փոփոխություններով:
ՀՀ նախագահի աշխատակազմում կրճատվելու է 15 հաստիք, իսկ Ազգային Ժողովի աշխատակազմում 5 հաստիք ավելացվելու է: Այսպիսով` նախագահի աշխատակազմը կունենա 370 հաստիք, իսկ ԱԺ աշխատակազմը` 773:
Ամենամեծ փոփոխություն տեղի է ունենալու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում. կավելանա 40 հաստիք:
Նշենք, որ այդ նախարարության համակարգում ստեղծվել է «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակը» (ԾԻԳ)` պետական հիմնարկի կարգավիճակով:
Մեծ փոփոխություններ են սպասվում նաեւ արդարադատության նախարարությունում. հաստիքները կավելանան 14-ով: ՀՀ դատարաններն ու դատական դեպարտամենտը կստանան լրացուցիչ 9 հաստիք: Առանց բացառության բոլոր մարզպետարաններում հաստիքների թիվը կավելանա 4-ով կամ 5-ով:
10 լրացուցիչ հաստիք կստանա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ՀՀ ֆինանսների նախարարությունն, ընդհակառակը, կկորցնի 5 հաստիք՝ հիմնականում պայմանավորված «Մետաղափորձական վերահսկողական տեսչության» լուծարմամբ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մնալ ամենաշատ հաստիքներ ունեցող պետական մարմինը` 3262: Այսինքն` յուրաքանչյուր 5-րդ պետական աշխատող հարկային կամ մաքսային մարմնի աշխատակից է:





























