Մեկ դեղամիջոց՝ տասնյակ տարատեսակներ: Ընդհուպ մինչեւ սովորական անալգինը: Տասնյակ անվանումներ եւ գներ՝ կախված արտադրողից եւ դեղաչափից: Ըստ դեղագործների՝ հենց գինն է, որ երկընտրանք է առաջացնում բուժհիմնարկի մոտ: Պետական տենդերի ժամանակ նախապատվությունը պետք է տալ ավելի էժան դեղամիջոցին, ինչին կարող են հակադրվել Հիպոկրատի երդումը եւ հիվանդի մոտ հետագա բարդությունների վտանգը: Չինակա՞ն, թե՞ գերմանական ինսուլին: Թուրքակա ՞ն, թե՞ ֆրանսիական վիրաբուժական թելեր: Բաղադրությունը կարծես թե նույնն է, սակայն այսպիսի ռացիոնալիզմը բոլորին չէ, որ հանգստացնում է: Մեզ հետ զրույցում դեղագործներից մեկը հարցն այսպես դրեց. «Աստված ոչ անի, ձեր հարազատը պառկեց սրտի վիրահատության. կհամաձայնվե՞ք, որ նրա կրծքավանդակը չինական թելերով կարեն»:
Ինչպես NEWS.am-ի հետ զրուցում նշեցին մի շարք դեղագործական ընկերոթյունների ներկայացուցիչներ, մի շարք դեպքերում պետական բուժհիմնարկները նախընտրել են ավելի թանկ տարբերակներ՝ սեփական ապահովության համար: Մինչդեռ դրանց հնդկական եւ չինական «երկվորյակները»՝ բացարձակապես նույն բաղադրությամբ, տասնյակ անգամ ավելի էժան են: «Նույն» դեղը մեկ 100, մեկ 2000 հազար դրամով վաճառելն է, համոզված են տնտեսվարողները, որ նրանց դեմ է սեւեռել պետության ուշադրությունը: Որն էլ մեղադրել է բուժհաստատություններին պետական միջոցներով շուկայականից թանկ դեղ ձեռք բերելու մեջ:
Տնտեական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, որը վերջերս ավարտել է դեղերի ետպատվերի ուսումասիրությունը, մեզ պարզաբանեցին, որ համեմատությունն անցկացվել է պատշաճ մանրամասնությամբ. չինական ցեֆտրիաքսոնը չեն համեմատել Roche-ի, 0.5 գրամանոց սրվակը՝ 1 գրամանոցի հետ: Համեմատվել էին ճիշտ նույն նկարարությամբ դեղամիջոցների գները:
Իսկ պետական հիվանդանոցն իրո՞ք ստիպված է ընտրել հիվանդի եւ տենդերի պահանջների միջեւ: Մասնավոր բուժհաստատություններն այս խնդրից ազատված են՝ այստեղ գինը կարող է (կամ էլ՝ ստիպված է) ընտրել հիվանդը: Համեմատության մեջ բուժհիմնարկների բաժինն այդքան էլ մեծ չէ՝ 10% (մնացածը դեղատներինն է): Միայ պետական հաստատությունների բաժինն էլ ավելի քիչ է: Բայց հենց ահստեղ է, որ կարող է ցակել ոչ միայն հիվանդի, այլ նաեւ՝ պետական ֆինանսների «ճնշումը»:
Արամ Գարեգինյան




























