Երեւանի ճարտարագիտական համալսարանում ստեղծվող Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիան (ANEL ծրագիր՝ Armenian National Engineering Laboratories) կնպաստի ոչ միայն Հայաստանից գիտնականների արտահոսքի նվազմանը, այլեւ այլ երկրների ճարտարագետների ներհոսքին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին Հանքավանում ընթացող «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ժամանակ հայտարարեց National Instruments-ի հայաստանյան մասնաճյուղի Ակադեմիական ծրագրի ղեկավար, ՀՊՃՀ դոցենտ Ամալյա Մարգարյանը:
ANEL ծրագիրը, ըստ Ա. Մարգարյանի, հնարավորություն կտա լրացնել Հայաստանում ճարտարագետների պակասը: Ըստ որոշ գնահատականների՝ հայաստանյան կազմակերպությունները ներկայում մոտ 2000 որակյալ ճարտարագետների կարիք, սակայն առաջարկ չկա: ANEL-ը էապես կբարելավի ճարտարագիտական կրթության որակը Հայաստանում: «Սիներջի ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական ծրագրավորող կազմակերպությունները ներկայում բուհերից պատրաստի կադրեր չեն ստանում, ստիպված լրացուցիչ ծախսեր են իրականացնում շրջանավարտներին վերապատրաստելու համար: Սակայն 20 մասնագետ ստանալու համար կազմակերպությունը ստիպված է 100 ուսանողի համար դասընթաց կազմակերպել:
ANEL-ը 30-ից ավելի լաբորատորիաների խումբ է, որը տեղակայվելու է Հայաստանի ճարտարագիտական համասարանի 10-րդ մասնաշենքում, ունենալու է 1640 քառ.մետր տարածք, զբաղեցնելու է 4 հարկ: Լաբորատորիաներում ուսանողները կիրականացնեն իրենց ուսումնական ծրագրերը, հնարավոր է նաեւ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ANEL ծրագրին 350 հազ. դոլարի չափով աջակցություն տրամադրելու մասին: Ծրագրի ընդհանուր արժեքը 6,2 մլն դոլար է:





























