Երեւան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաեւ Երեւանի օրվա կապակցությամբ, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգեւատրվել է «Համագործակցության համար» մեդալով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով Երեւանի քաղաքապետին, ՀՀ ոստիկանության պետը բարձր է գնահատել քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով, որ ի դեմս Երեւանի քաղաքապետարանի Երեւան քաղաքի ոստիկանությունը ունի վստահելի գործընկեր: «Համագործակցության սերտացման սկիզբը, որ դրվել է Ձեր ղեկավարման հենց առաջին իսկ օրից, երկուստեք պարտավորեցնող է եւ, ըստ այդմ, մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման, ինչպես նաեւ քաղաքն առավել ընկալելի դարձնելու հարցում համագործակցությունն էլ ավելի սերտացնենք»,-նշել է Վլադիմիր Գասպարյանը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության սերտ համագործակցությունը լինելու է շարունակական. «Մեր առաջնային նպատակը անվտանգ քաղաք ունենալն է եւ այս հարցում իսկապես մեծ դերակատարում ունի ոստիկանությունը, ինչը չնկատել ուղղակի անհնար է: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ունի մեկ նպատակ` հասարակական կարգի ապահովման հարցում եւս մեր քաղաքի բնակիչների համար ստեղծել հարմարավետ միջավայր: Ես վստահ եմ, որ մեր համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավորություն կունենանք պահպանել ու առավել գեղեցկացնել համայն հայության մայրաքաղաքը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ողջ անձնակազմին եւ անձամբ Ձեզ պարոն Գասպարյան, գնահատանքի եւ արդյունավետ համագործակցության համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:





























