Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործով շուտով կխոսեն Հանթսմանները, եւ դա ամպրոպի նման կլինի: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Հանթսմանների խոսելը կլինի ամպրոպի նման եւ շատ հետաքրքիր հետեւանքներ կունենա որոշ մարդկանց համար»,- նշել է փաստաբանը` արձանագրելով, որ հարուցված քրգործի պատճառով Հայաստանում ոտնահարվում է այդ ընտանիքի բարի համբավը. «Այդ անունը հոլովելը պատիվ չի բերում Հայաստանին, դա մեր ազգային շնորհակալությունն էր: Որքան ես գիտեմ` շատ բացասաբար են վերաբերվում տեղի ունեցող բոլոր գործընթացներին»:
Հիշեցնենք, որ «ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»: Ըստ քրգործի, Օսկանյանը յուրացրել է Հանթսմանների կողմից ստացված երկու միլիոն դոլարի մի մասը: Վարդան Օսկանյանը գործում ընդգրկված է որպես մեղադրյալ:





























