Հերթական անգամ ականատես լինելով հոր կողմից կիրառվող բռնություններին, տեսնելով մոր կապտուկներն ու անօգնական վիճակը` 15-ամյա Անին ուժ է հավաքել ու վճռել հեռանալ հոր մոտից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց 15-ամյա Անին (անունը փոխված է):

«Ես ատում էի հորս, վրեժի զգացողություն ունեի նրա հանդեպ, հոգեբանի հետ աշխատանքների ընթացքում, ես հասկացա, որ ուզել եմ հորս հետ տանը մնալ` միայն նրանից վրեժ լուծելու ցանկությունից ելնելով: Մինչեւ կանանց իրավունքների կենտրոնում հայտնվելը ինքնակամ հրաժարվել էի իմ երազանքից, որոշել էի կյանքիս նպատակը վրեժը դարձնել, այդպես ցանկանում էի կոմպենսացնել մանկությանս կորցրած օրերը, որոնք ի շնորհիվ հորս լցվել էին վեճերով եւ կռիվներով»,- անկեղծանում է Անին:

Շնորհիվ Կանանց իրավունքերի կենտրոնի հոգեբանների եւ իրավաբանների անցկացրած աշխատանքների ընտանիքը գտել է երկար սպասված հանգստությունը: «Մայրս ամուսնալուծվեց, այժմ աշխատում է եւ ապրում հանգիստ պայմաններում եղբոր հետ, իսկ ես արդեն ընդունվել եմ Երուսաղեմի Հայորդաց վարժարան»,- ավելացրեց Անին:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28: