ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության կառուցվածքում էական կառուցվածքային փոփոխություններ տեղի կունենան: Նախատեսվում է միավորել տարածքային ստորաբաժանումների մեծ մասը, փոխարենն ուժեղացնել Երեւանի տեսչությունն ու կենտրոնական ապարատը: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 18-ի նիստի օրակարգում:
Եթե նախկինում յուրաքանչյուր մարզ ուներ տրանսպորտային տեսչության իր տարածքային ստորաբաժանումը, ապա սույն առաջարկով` յուրաքանչյուր բաժին կսպասարկի 2 մարզի, ու միայն Երեւանը կունենա առանձին տեսչություն: Որոշ փոփոխություններ տեղի կունենան նաեւ տրանսպորտային տեսչության կենտրոնական ապարատում, որտեղ կստեղծվի հաշվառման եւ վերլուծության բաժին:
Այս փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնել ոչ միայն Երեւանի, այլեւ տեսչության կենտրոնական ապարատի վերահսկողական կարողությունը, քանի որ ազատված կադրային ռեսուրսներն ուղղվելու են այդ ստորաբաժանումներ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացրած տեղեկանքում նշվում է, որ ներկայում տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը շահագործվում է Երեւան քաղաքում եւ նրա մերձակայքում, հետեւաբար` առկա ռեսուրսներով անհնար է կազմակերպել արդյունավետ վերահսկողություն:




























