Վանաձոր քաղաքում սեփական եկամուտները նախորդ տարիների հետ համեմատած վատ են հավաքագրվում: «Անբարեխիղճ» հարկատուների շարքում հիմնական մասը զբաղեցնում է վճարունակ խավը, որոնք իրենց զգալով ամենակարող, խուսափում են վճարել իրենց թանկարժեք մեքենայի ու շքեղ առանձնատան գույքահարկն ու հողի հարկը: Նման տեսակետ հնչեց Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

«Բոլոր էն պետական պաշտոնյաները, էն բոլոր պետական չինովնիկները, ովքեր զլանում են իրենց  գույքահարկն ու հողի հարկը ժամանակին վճարել, ես խոստանում եմ անունները տպագրել մամուլում, թե ովքեր են, որ իրենց հարկերը չեն տալիս»,- ասաց քաղաքապետ Սամվել Դարբինյանը` հավելելով, որ շատ վատ է, որ նպաստառուներն ու թոշակառուները ստացած թոշակից դողդողալով բերում իրենց վճարները մուծում են, իսկ բարձրաստիճան չինովնիկները իրենց գումարները չեն մուծում. «Ու եթե ես հողի հարկն ու գույքահարկը ժամանակին եմ մուծում, ուրեմն ոչ մեկին յ չեմ ների չմուծելու համար»:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ  եկամուտների հավաքագրման  բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը, համեմատելով նախորդ տարիների ցուցանիշների հետ, նշեց, որ կա նվազում, ինչի հետ կապված էլ ձեռք են առնվում խիստ միջոցառումներ. «Այդ միջոցառումների շարքում առաջնահերթ էն հարկատուների մասով ենք անում, որոնք զբաղեցնում են պաշտոններ տարբեր բնագավառներում, անկախ նրանից համայնքային, պետական ծառայողներ են, թե ուժային կառույցի կամ բիզնեսի ներկայացուցիչներ, քանի որ հիմնական խուսափողները հենց իրենք են»,- ասաց նա:

Վիկտոր Դարբինյանի փոխանցմամբ` քաղաքապետարանի աշխատակիցների պարտքը ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն դրամ է, որն այս տարվա պարտավորություն է:

Այն հարցին, որ նախորդ տարի եւս  քաղաքապետ Սամվել Դարբինյանը խոստացավ բարձրաձայնել հարկերից խուսափող բարձրաստիճան պաշտոնյաների ու բիզնեսմենների անունները, սակայն այդպես էլ չհրապարակվեց, Դարբինյանը պատասխանեց, որ նրանք եկան ու վճարեցին: Վիկտոր Դարբինյանի տեղեկացմամբ հարկերից խուսափողների շարքերում կան ինչպես ավագանու անդամներ, այնպես էլ ոստիկանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ ու տարբեր կառույցների ղեկավարներ: Իսկ այն, թե արդյոք եկամուտների բաժնի պետը կամ թեկուզեւ քաղաքապետ Սամվել Դարբինյանը ճնշումների չեն ենթարկվի անուններ հրապարակելուց, Դարբինյանը պատասխանեց. «Իհարկե կենթարկվենք, մանավանդ, որ մի անգամ իմ հանդեպ արդեն ճնշումներ եղել են…Այն անունները, որ կհրապարակվեն, շատերին կզարմացնի….»:

Մնում է սպասել քաղաքապետ Սամվել Դարբինյանի տված վերջնաժամկետին, կամ էլ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս որեւէ անուն չի տպագրվի, բացի քաղաքապետարանի աշխատակիցների անուններից, որոնք հրապարակվեցին հենց նիստի ժամանակ: