ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Արտաշես Բեյբությանի ազատումը որեւէ կապ չունի «ՍԱՍ գրուփ»-ի սուպերմարկետներում իրականացված ստուգումների հետ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը; Իր երկու տեղակալների աշխատանքից ազատումը Գ. Խաչատրյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Որպեսզի ավելի թարմ, ավելի լավ աշխատող կադրերով համալրենք կառույցը»:
Գ. Խաչատրյանը չհերքեց, որ ՍԱՍ-ում հայտնաբերվել են խախտումներ, սակայն հավելեց, որ ստուգման ենթակա բոլոր ընկերություններում էլ խախտումներ հայտնաբերվում են: Ներկայում, օրինակ, ստուգվում են առողջապահական 6 հիմնարկներ, եւս 99-ում իրականացվում է չափագրում: «Բոլոր ոլորտներում ստվեր կա»,- ասաց Գ.Խաչատրյանը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, ըստ որի՝ Արտաշես Բեյբությանը կապ ունի սուպերմարկետներում ՀԴՄ տվյալների կեղծման հետ:




























