ԱՄՆ-ի դեսպանի հայատարությունը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանայանի փողերի լվացման վերաբերյալ միայն ավելացրեց կասկածները: Ինչո՞ւ Ճապոնիայի կամ Չինաստանի դեսպանը հայտարարությամբ հանդես չեկան: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Հայաստանում մենակ Օսկանյա՞նն էր, թող մեկ ուրիշի էլ 200 դոլար տային, ասեին` գնա բարեգործություն արա: Օսկանյանը կկարողանա իր անմեղությունը ապացուցել, ներողություն կխնդրեն նրանից, չի կարողանա, ապա համապատասխան հետեւանքները կունենա»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը: Լրագրողի հարցին, թե  երբ Օսկանյանին ուշադիր նայում է, հանցագործի նմանեցնո՞ւմ է, թե՞ ոչ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց..«Օրինակ մի ֆիլմ կա, որտեղ Կորեյկոյի կերպարը ընդհանրապես հանցագործի նման չէր, բայց պարզվեց, թե ինչքան փողեր եւ ոսկիներ ունի: Այսինքն` հանցագործը տեսքով չի որոշվում: Ես չեմ ուզի, որ Օսկանյանը հանցագործ համարվի, որովոհետեւ ստացվում է , որ մենք հանցագործի հետ ենք աշխատել»:

Ի դեպ, Գալուստ Սահակյանը նախագահի պաշտոնում քիչ հավանական է համարում Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի առաջադրումը:  «Այս տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանից պաշտոնավարման, նախագահ դառնալու ձգտումներ չեմ տեսել: Օսկանյանի մեջ առավել եւս չեմ տեսել: Նա իր պաշտոնավարման ընթացքում, որեւէ աղերս մեծ, փոքր, գլոբալ առումով քաղաքականության հետ չի ունեցել: Նա ընդամենը կատարել է ԱԳ նախարարի դերակատարումը: Գլոբալ ներքին քաղաքականության մեջ չի եղել եւ այդ առումով օտարված է եղել ներքին քաղաքականությունից: Որեւէ գյուղում նույնիսկ գյուղացու տուն չի մտել: Նա իր դերում է սոլիդ: Ինչը չի նշանակում, որ կարող է նախագահ դառնալ կամ բանաստեղծ»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը: Դատարկմանը, թե համամիտ է, որ Արեւմուտքը ի դեմս Օսկանյանի ընդդիմադիր  թեկնածու է կերտում` Սահակյանն արձագանքեց. «Չէ, չէ: Ես, իհարկե կուզեի, որ այդքան մեծարված լիներ Օսկանյանը, բայց դա դրա հետ կապ չունի»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի