Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին հանդիպումների եւ բանակցությունների մասին: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Ինչպես հայտնի է, խոսքը գնում է առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշման եւ նախագահական ընտրություններից հետո նրա զբաղեցնելիք տեղի մասին: Մի քանի տարբերակներից, որոնք քննարկվում են, իշխանությունը հակված է նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին` դրա դիմաց ստանալով մի քանի պորտֆել: Այժմ քննարկվում է ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաեւ փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: Ընդ որում` խոսվում է սահմանադրական հանրաքվեով փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսն ամրագրելու տարբերակի մասին: Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ` վարչապետի առաջարկությամբ երկրի նախագահը փոխվարչապետ է նշանակում նախարարներից մեկին, որը կարող է փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ: Ընդամենը: Ասել է թե` փոխվարչապետի ինստիտուտն այսօր խիստ հայեցողական է, նաեւ` անպորտֆել, չունի աշխատակազմ, մեծ լիազորություններ, մեծ բյուջե: Եթե սահմանադրական հանրաքվե անցկացվի, կարող են սահմանվել ավելի լայն լիազորություններ, որոնք կգոհացնեն ԲՀԿ-ին:

Նաեւ խոսք է գնում այսօր կառավարության տանիքի տակ հավաքված ԾԻԳ-երի` փոխվարչապետի կառավարման տակ փոխանցելու մասին: Եվ քանի որ նոր լիազորություններ կառավարությանը հնարավոր է եւ չտրվեն, սա փաստացի կարող է նշանակել, որ կառավարությունը կարող է կիսվել երկու մասի, ինչն էլ ապագա խորհրդարանական կառավարման հիմք կարող է դառնալ` միաժամանակ դառնալով նաեւ քաղաքական ֆակտոր, այն է` Արեւմուտքին ասեն, որ պահում ենք ձեր . ցանկալի վարչապետին, ի դեմս Տիգրան Սարգսյանի, Ռուսաստանին էլ` որ կառավարությունում, ի դեմս ԲՀԿ ներկայացուցչի, ունեք ծանրակշիռ ու որոշիչ փաթեթ` լուրջ լիազորություններով եւ կարգավիճակով: Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման ժամկետներին, ապա փորձագետները կարծում են, որ հանրաքվեն կարող է անցկացվել նախագահական ընտրությունների հետ համատեղ, հենց նույն օրը` փետրվարի 18-ին: Ի դեպ, Սահմանադրության ոչ իմպերատիվ հոդվածներում փոփոխությունների անցկացման համար սահմանվում է 40-60-օրյա ժամկետ` նախագահի կողմից հանրաքվեի մասին հրամանագրի ստորագրումից հետո: Այնպես որ, ամենակոշտ հաշվարկով` այդ հրամանագիրը նախագահը կարող է ստորագրել դեկտեմբերի կեսերից մինչեւ ամսվա վերջ, որից առաջ, սակայն, պետք է, «ստորագրված» լինի «սպասվող» հուշագիրը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ` «գործող նախագահի» պաշտպանության մասին,- գրում է «Հրապարակը»։