Պարզվել է այսօր՝ հոկտեմբերի 23-ին Տավուշի մարզի Բերդ-Նավուր ավտոճանապարհին ձորն ընկած մեքենայի վարորդի եւ ուղեւորի ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, «Ուազ» մակնիշի 59 SL 706 համարանիշի մեքենան վարել է Բերդ քաղաքի բնակիչ, 1968թ-ին ծնված Սերգեյ Մելիքյանը, մեքենայում եղել է նաեւ Նավուր գյուղի բնակիչ, 1952թ-ին ծնված Առուշան Քոսակյանը: Վթարի պահին վերջինս հասցրել է իրեն դուրս նետել ձորը գլորվող մեքենայից, եւ կոտրվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն: Վարորդը ստացած ծանր մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության Բերդի փրկարարական ջոկատի հրամանատար Վիկտոր Թադեւոսյանը նշեց, մահացած վարորդի դին եւ վիրավորին դուրս են բերել փրկարարները մոտ 300 մետր ձորից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ Բերդ-Նավուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մեքենան մի քանի հարյուր մետրից ընկել է ձորը:




























