Չինական ավտոբուսները փաստացի փակել են Երեւանի հասարակական տրանսպորտի պահանջարկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ռուսական ավտոբուսներ-ԳԱԶ խումբ» ընկերության ԱՊՀ երկրներում վաճառքի հարցով մենեջեր Իգոր Վոդյանովը: Նրա խոսքով, միջին տարողության ավտոբուսները, որոնք Երեւանը նվեր է ստացել Չինաստանից, կանխատեսելի ապագայում վերացրել են նոր բանակցությունների կամ տենդերների հնարավորությունը: «Կարծում ենք, որ մեր ավտոբուսներով կարող են հետաքրքրված լինել մասնավոր ընկերությունները»,-ասել է նա, հավելելով, որ Հայաստանի մասնավոր հատվածում ընկերությունը մի շարք հաճախորդներ ունի:
Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության փորձ ընկերությունն ունի. մի քանի տարի առաջ Երեւան են ուղարկվել «ԼԻԱԶ» տրոլեյբուսներ (այսօր նրանց թիվը Երեւանում 36-ն է): Ձեռնարկությունում դրանք արդեն հանվել են արտադրությունից, սակայն անհրաժեշտության դեպքում Երեւանի քաղաքապետարանը շարունակում է օգտվել մեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունից:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Չինաստանի կառավարությունը համաձայնել է Երեւանին հատկացնել միջին տարողության 249 ավտոբուսներ՝ 4,5 մլրդ դրամ կամ 11,7 մլն դոլար ընդհանուր արժեքով: Մինչ այդ քաղաքապետարանը մի շարք բանակցություններ էր վարել բելառուսական եւ ռուսական մատակարարների հետ, սակայն չինական կողմի նվերը առավել գրավիչ էր համարվել:
«Ռուսական ավտոբուսներ» խումբը ներառում է ավտոբուսի 4 գործարաններ՝ «ԼԻԱԶ», «ՊԱԶ», «ԳՈԼԱԶ» եւ «ԿԱՎԶ»:





























