Հայաստանի փոխվարչապետ, ՋՕԸ-երի համակարգող խորհրդի նախագահ Արմեն  Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք ՋՕԸ-երում ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրության արդյունքներով կատարված աշխատանքները:

Ինչպես News.am-ին հայտնեցին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը, համապատասխան ՋՕԸ-երի ղեկավարները:

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրության արդյունքները փոխվարչապետի մոտ քննարկվել էին դեռեւս օգոստոսին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Այդ խորհրդակցության արդյունքներով «Մասիս» ՋՕԸ-ի վարչական խորհրդի կողմից տնօրենին  խիստ նկատողություն  էր հայտարարվել եւ ժամանակ էր տրվել, որպեսզի վերջինս վերացնի նկատված խախտումները` հաշվի առնելով, որ նա  ՋՕԸ-ի գործադիր տնօրենը պաշտոնը ստանձնել էր 2012թ. մարտին: 

Փոխվարչապետին զեկուցվեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրության  մեջ արձանագրված խնդիրների հետ կապված տրվել են համապատասխան պարզաբանումներ, սակայն  փաստաթղթի վերջնական տարբերակում դրանք չեն արտացոլվել:

ՋՕԸ-երի ղեկավարները տեղեկացրին, որ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվել է ոչ թե պետական ֆինանսական աջակցության ծախսման նպատակայնության ուսումնասիրություն, այլ ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակի ստուգում:

Խորհրդակցության ընթացքում ըստ էության քննարկվեցին ՋՕԸ-երի  վարչական խորհուրդների պարզաբանումները, որոնց մի մասը փոխվարչապետը համարեց ոչ բավարար եւ  հանձնարարեց, որ մինչեւ տարեվերջ  անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեն արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ: Որոշվեց, որ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն  այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին կիրազեկի հանրությանը:

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրության արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ ՋՕԸ-երի վարչական խորհուրդների պարզաբանումներին հնարավոր է ծանոթանալ ՏԿՆ (www.mta.gov.am) եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի (www.scws.am/)  պաշտոնակայն կայքերում: