Հուլիսի 15-16-ը Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ քաղաքում անցկացվել է Չմիավորման շարժման (Հայաստանը կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ) 15-րդ գագաթաժողովը: Նշենք, որ այս կազմակերպությունը, որը ստեղծվել է 1961թվականին եւ ներկայումս միավորում է 119 պետություն:
Գագաթաժողովն ընդունել է հռչակագիր, որը հաստատում է ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը: Հռչակագրում պարբերություն է հատկացվում ազգերի ինքնորոշման սկզբունքին, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին հիշատակում հռչակագրում չկա:
«Չմիավորման կազմակերպության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները շարունակում են աջակցել բոլոր ժողովուրդների հիմնարար եւ անօտարելի ինքնորոշման իրավունքին, ներառյալ բոլոր ոչ ինքնակառավարվող տարածքները, ինչպես նաեւ օտար օկուպացիայի կամ գաղութային եւ օտար իշխանության տակ գտնվող տարածքները: Ազգերի ինքնորոշման սկզբունքը կենսական է եւ կարեւորագույն գործոն է նմանատիպ բոլոր իրավիճակներն արմատախիլ անելու համար և ապահովելու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն ու ազատությունները»- ասված է հռչակագրում:
Նկատենք, որ հռչակագիրը ստորագրել են Իսլամական կոնֆերանս կազմակերպության գրեթե բոլոր անդամները:
Տեղեկանք. Չմիավորման շարժում միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1961թ. սեպտեմբերին 25 պետությունների կողմից: Պետությունների` այս կազմակերպության մեջ ընդգրկման հիմնական սկզբունքը որեւէ ռազմական բլոկին չանդամակցելն է: 2009թ. դրությամբ այս կազմակերպության անդամ են աշխարհի 119 պետություններ: Դիտորդի կարգավիճակ ունեն 16 պետություններ, ինչպես նաեւ 5 միջազգային եւ 2 ազգային-ազատագրական կազմակերպություններ: Այս պահին կազմակերպությունում նախագահում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը:




























