Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը իշխանությունների կողմից նախաձեռնած ժողովրդավարացման նախաձեռնության էությունը հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելու համար հրատարակել են գրքույկ՝ «Ժողովրդավարացման նախաձեռնության ընթացքը, հարցեր եւ պատասխաններ» վերնագրով։

133 էջից բաղկացած գրքույկը 30 ամենաշատ տրվող հարցերի եւ պատասխաններ է ներկայացնում։

Նշենք, որ Ժողովրդավարացման նախաձեռնություն կամ ինչպես ասում են Քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը նպատակ ունի բարեփոխումների միջոցով հանդարտեցնել երկրի քուրդ բնակչության բողոքները, ինչպես նաեւ վերջ դնել 30 տարի տեւող քրդական PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) ռազմական գործունեությանը Թուրքիայի դեմ։ Այս շրջանակներում Թուրքիայում բացվել է TRT 6 հեռուստաալիքը, արեւլյան շրջաններում մի շարք բնակավայրեր անվանափոխվել են հին՝ քրդական կամ հայկական անուններով։ Հյուսիսային Իրաքում գտնվող Քանդիլ լեռից եւ Մահմուր ճամբարից Թուրքիա են վերադարձել 34 քուրդ զինյալներ, որոնք կարճ հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, սակայն ամիսներ հետո նրանցից մեկին կրկին ձերբակալել են։ Սակայն քուրդ բնակչությունը արդեն թերահավատորեն է վերաբերում իշխանությունների հայտարարություններին՝ նրա կողմից լուրջ քայլեր չձեռնարկելու եւ թուրքական խորհրդարանի միակ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու համար։