Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ուղեկցությամբ Երեւանի Մոսկվայի տանը ներկա է եղել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շրջել է ցուցասրահով եւ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Ողջունելով նման ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը Տիգրան Սարգսյանը նշել է. «Շնորհիվ տաղանդավոր լուսանկարիչների՝ մենք հնարավորություն ունենք մի քանի րոպեների ընթացքում անցնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա պատմության ճանապարհով եւ տեսնել այդ ռազմավարական գործընկերության արդյունքները»:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն իր հերթին նշել է. «Պարոն վարչապետ, Ձեր խոսքի համաձայն՝ Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում, ինչպես նաեւ հանդիսանում է տնտեսության հիմնական ներդրողը, տնտեսական հիմնական գործընկերը»,- ասել է Կրիվոպուսկովը՝ ավելացնելով, որ ռուս-հայկական հարաբերություններում առկա է լիարժեք փոխըմբռնում:  

Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը եւ «Արմենպրես» լրատվական գործակալությունը: