Զավեն Հովսեփյանի կինը զույգ երեխա էր սպասում, հղիության չորրորդ ամսում երեխաներից մեկը մահացել էր: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հրաժարվել էին հեռացնել պտուղը` պնդելով, որ մյուսը լրիվ առողջ է եւ անհրաժեշտություն չկա հեռացնելու: Մինչդեռ Զավենը մտավախություն ուներ, որ մյուս երեխան հնարավոր է ծնվելուց հետո առողջական խնդիրներ ունենա:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ երեխան ծնվելուց հետո երկու բարդ վիրահատություն է տարել` 3 ամսեկանում սրտի վիրահատություն, իսկ 8 ամսեկանում `գլխի վիրահատություն: Այդ ամիսների ընթացքում վիրահատել էին նաեւ կնոջը:
Զավեն Հովսեփյանը պահանջում է, որ իր կնոջ հղիության ընթացքի համար պատասխանատու բոլոր բժիշկները ստանան իրենց արժանի պատիժը: Այդ պահանջով դիմել է Առողջապահության նախարարություն, սակայն ապարդյուն:
Հոկտեմբեր ամսին Զավեն Հովսեփյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ դիմումի մեջ ներկայացրել պատմությունը: Մատնանշել, որ կինը հղիության վերջին չորս ամիսների ընթացքում չորս անգամ դոպլեր հետազոտություն է անցել, սակայն բժիշկներ այդպես էլ ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել երեխայի մոտ:
Զավենն ունի չորս անչափահաս զավակ, ընտանիքն ապրում է վարձով, սոցիալապես ծանր պայմաններում: «Հիվանդանոցային եւ բուժման ծախսերը հոգալու համար այլեւս պարտք անելու տեղ չի մնացել», իր դիմումի մեջ նշել էր Զավեն Հովսեփյանը:
Պաշտպանը Զավեն Հովսեփյանի խնդրի կապակցությամբ գրություն է ուղարկել Առողջապահության նախարարություն, որտեղից ի պատասխան հայտնել են, որ Զավեն Հովսեփյանի կնոջ բուժօգնության տրամադրման գործընթացն ուսումնասիրելու համար հոկտեմբերի 30-ին ստեղծվել է հանձնաժողով, իսկ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն Պաշտպանին:
Անցյալ շաբաթ Զավենը կրկին եկել էր Պաշտպանի գրասենյակ եւ հայտնել, որ երեխայի վիճակը կրկին վատացել է, եւ նրան պառկեցրել են հիվանդանոց:





























