Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում որոշ վիճելի մոտեցումներ կան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով` անհասականալի է այն, որ եթե Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է պետության կառավարման նախագահական մոդելին, բայց մյուս կողմից կարծում է, որ  Հայաստանը գործում է եվրոարժեքների համակարգում, որտեղ ընտրված է պառլամենտական պետական կառավարման մշակույթը, ապա պետք է իր ղեկավարման տարիներին երկիրը դարձներ պառլամենտական:

«Եթե ինքը համոզված էր, որ ճիշտ է Հայաստանում պառլամենտական պետության մոդելը, այն ավելի իրական է եւ զարգացում է նախատեսում, պետք է դա  հաշվի առներ եւ իր ղեկավարման ընթացքում, իր գնահատականը ունենալով, Սահմանադրական հանրաքվե իրականացնելիս պետք է պետական կառավարման համակարգը դարձներ խորհրդարանական: Մի հարց է, թե որպես անձ` ինչ ես ուզում, մեկ այլ հարց` թե որպես պետության ղեկավար, իմանալով քո պետությանը` ինչ է անհրաժեշտ, տրամաբանական է, որ իրականացնես դա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընրակարգին, ապա «Ժառանգության» ներկայացուցչի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը իր ղեկավարման տարիներին կարող էր այդ հարցը լուծել, մանավանդ, որ նրան սատարող ուժերից առնվազն մեկը, օրինակ` ՀՅԴ-ն, բազմիցս բարձրացրել է այդ խնդիրը:

«Այսօր քաղաքական համակարգի չկայանալը եւ դրա ազդեցությունը պայմանավորված է  նաեւ նրանով, որ այդպես էլ  Հայաստանում որեւէ իշխանություն` 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք, վերարտադրվելու համար չի հրաժարվել մեծամասնական ընտարակարգից, որն, ըստ էության, խեղաթյուրում է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ամբողջ պատկերը եւ խորհրդարանը դարձնում ապաքաղաքական»,- ասաց նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի  ԲՀԿ-ի հետ ունեցած կապին` Ռուբեն Հակոբյանը նշեց. «Այն, որ ԲՀԿ-ն` որպես կուսակցություն, ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ, կարծում եմ` այս դեպքում հայտնագործություն արած չեմ լինի, այլ հարց է, որ ինքը իր հարցազրույցում ասել է, որ մենք գործ ունենք կայացած քաղաքական թիմի հետ, այսինքն` ինքը ուզում է հեռավորություն պահել եւ հասարակությանը ցույց տալ, որ ԲՀԿ-ն կայացած քաղաքական թիմ է, ինչն ինձ համար հասկանալի է»:

Նա կանխատեսում չարեց Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Իսկ նախագահական ընտրություններից առաջ երկրորդ նախագահի հարցազրույց տալը նա նորմալ է համարում` ասելով, որ նորմալ քաղաքական մշակույթ ունեցող երկրներում ընդունված է, որ պետության նախագահները իրենց կարծիքները հայտնում են կարեւոր գործընթացների վերաբերյալ: «Պետք է սովորենք, ընդունենք, նույնիսկ` սպասենք, որ նախագահները իրենց կարծիքը արտահայտեն եւ դա հենց այդպես էլ ընկալենք»,- ասաց նա: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ որեւէ առնչություն չունի ԲՀԿ-ի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցով քաղաքական խորհրդակցություններ կազմակերպելու նախաձեռնության հետ:

«Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց Նախագահն էր»,-ասել է Քոչարյանը, միաժամանակ հավելելով, որ «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման»: