Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը չի մասնակցել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի երդմնակալության արարողությանը, քանի որ այդ օրը երկու խորհրդակցության ուներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Գիզիրյանը` հերքելով տարածված տեղեկությունները, թե վատ հարաբերություններ ունի Սամվել Բալասանյանի հետ: «Նման բան չկա, ուղղակի Երեւանում խորհրդակցություն կար, դրա համար էլ չկարողացա մասնակցել»,- ասաց նա` հավելելով, որ ավելի վաղ նրան ներկայացրել էր քաղաքապետարանին:
Ինչ վերաբերում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի վերադարձին, ապա նա նշեց, որ Վարդան Ղուկասյանի եւ Սպարտակ Ղուկասյանի վերաբերյալ հարցերին մեկնաբանություն չի տալիս: «Ինչ վերաբերում է Սպարտակ Ղուկասյանի հետախուզման մեջ գտնվելուն, ապա այդ հարցով դիմեք Հայաստանի հանրապետության ոստիկանություն»,- ասաց նա:
Հարցին` արդյոք Ս.Ղուկասյանի վերադարձից հետո Գյումրիում լարված մթնոլորտ չի՞ առաջացել, Գիզիրյանը պատասխանեց. «Սպարտակ Ղուկասյանը Ալ Կապոնե՞ն ա, եկավ ու սաղ փոխվե՞ց: Առանձնապես բան չկա»,- կես կատակ, կես լուրջ ասաց նա: Անդրադառնալով Սպարտակ Ղուկասյանի վերադարձի համար կազմակերպված մատաղի արարողությանը իր մասնակցելու մասին լուրերին` Շիրակի մարզպետը նշեց, որ նման բան չի եղել եւ չի կարող լինել. «Աչքերով էլ տեսնեք, չպետք է հավատաք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, նոյեմբերի 10-ին, բերման է ենթարկվել Բավրայի հսկիչ անցագրային կետից, ցուցմունք է տվել եւ ստորագրությամբ բաց թողնվել Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում: Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով նա ներգրավված է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):
Նշենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաեւ կրակոցներ էին հնչել:Շիրակի մարզի դատախազի ցուցումով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ առաջին մասերի հատկանիշներով՝ խուլիգանություն, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը:





























