Առաջին անգամ 20 տարվա ընթացքում կառավարությունը ներկայացրել է մի բյուջե, որում առկա է հնարավոր ռիսկերի վերլուծությունը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային Ժողովում, բյուջետային քննարկումների շրջանակներում, հայտարարեց պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Նրա կարծիքով՝ 2013 թ. բյուջեն երաշիք է, որ այլեւս չենք ունենա կտրուկ անկումներ, ինչպես 2009 թ., երբ ՀՆԱ-ն նվազեց 14.1%-ով: Դա պայմանավորված է բյուջեի իրատեսությամբ, ըստ Ա. Գեղամյանի՝ 2013 թ. բյուջեն կկատարվի անկախ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից:
Հայաստանի տնտեսական աճի արագացման ռեսուրսը Ա. Գեղամյանը տեսնում է մարզերի պոտենցիալը օգտագործելու մեջ: Պատգամավորը հավաստիացրեց, որ այս հարցը քննարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, եւ վերջինս տեղեկացրել է, որ ներկայում ըստ առանձին մարզերի մշակվում են զարգացման ծրագրեր: «Յուրաքանչյուր մարզի պոտենցիալը եթե գործի դնենք, ոչ թե 6.2%, ալ երկնիշ տնտեսական աճ կունենանք»,- ասաց Ա. Գեղամյանը:
Պատգամավորը նշեց նաեւ, որ պրոգրեսիվ հարկման սանդղակը պետք է ներդրվի աստիճանաբար, որպեսզի հիմքեր չստեղծվեն խոշոր բիզնեսը հանրապետությունից դուրս բերելու համար:





























