ՀՀ ոստիկանությունը փաստերի ուսումնասիրություն է սկսել մամուլում տեղ գտած այն տեղեկությունների հիման վրա, թե բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ մինչ օրս նման հաղորդում չեն ստացել:
NEWS.am-ը տեղեկությունների վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, ով, սակայն, հրաժարվեց պատասխանել եւ անջատեց հեռախոսը:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, երբ «Փյունիկ»-ը պարտություն է կրել «Գանձասար»-ից, փաստը հերթական անգամ կատաղության է հասցրել Հայրապետյանին: Վերջինս պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզչին, բժշկին, դարպասապահների մարզչին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բժիշկ Վարդան Հովասափյանը հեռացվել է՝ խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչքի օգտագործում եւ խնջույքային տրամադրության առկայություն):
Նշվում է նաեւ, որ աշխատանքից հեռացնելուց ու կարգապահական տույժերից զատ, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նաեւ անձամբ է «պատժել» բժիշկ Հովասափյանին, բնականաբար, իրեն բնորոշ ոճով: Լուրեր.com-ի ունեցած տեղեկություններով՝ բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի կողմից և ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս է եկել ֆեդերացիայից: Կայքի փոխանցմամբ, Հովասափյանի գտնվելու վայրն անհայտ է, հեռախոսահամարները՝ անհասանելի, նույնիսկ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի կամ որպիսության մասին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am




























