Բյուջետային քննարկումները հակասել են ՀՀ Սահմանադրությանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա մեկնաբանմամբ՝ 2013 թ. պետական բյուջեի նախագծի եկամուտները չեն քննարկվել, այլ միայն թռուցիկ ներկայացվել են: Այնինչ, նրչա կարծիքով, պետք է տեղի ունենար եկամուտների ճյուղ առ ճյուղ քննարկում, ինչպես ծախսերի դեպքում:
Հ. Բագրատյանը նշեց, որ 2013 թ. բյուջեն իր ծավալով զիջում է 2012 թ. բյուջեին, եթե բացառվի գնաճի ազդեցությունը: Նրա հաշվարկներով՝ վերջին 5 տարում գնաճը եղել է 34%, իսկ աշխատավարձն աճել է 20%-ով, հետեւաբար՝ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել: «Դուք քննարկում եք բյուջե, որ 2012 թ. բյուջեից պրոստո պակաս ա; Ֆինասների նախարարին ասում ես՝ դրսում անձրև է գալիս, ասում ա՝ մեթոդոլոգիայի հարց է»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նա նաեւ պնդեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ չկա, ինչից այդքան զգուշանում է ՀՀ կառավարությունը: «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մնացել է կառավարության շենքում, չկա այդպիսի բան: Արժույթի Միջազգային հիմնադրամը սիրում է կրկնել որ ճգնաժամ է, որ թույլ չտա Չինաստանի արագ աճը»,- նշեց նախկին վարչապետը;
Նշենք, որ նրա ելույթը կիսատ մնաց՝ պատգամավորներին ելույթի համար հատկացված 10 րոպեն բավարար չէր: Սակայն միկրոֆոնն անջատելուց հետո էլ Հ. Բագրատյանը շարունակեց մի քանի րոպե խոսել, սակայն լրագրողներին հասանելի էր միայն նրա ժեստիկուլյացիան:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























