Մինչեւ ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հայրական տան վրա կատարված հարձակումը նրանց ընտանիքի հասցեին բանավոր սպառնալիքներ էլ են հնչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:
Նա, սակայն, նախաքննության գաղտնիությունից ելնելով` հրաժարվեց ավելին ասել: Խոսելով պատճառների մասին` Հայկազ Խաչիկյանն ասաց, որ դեռ իրենց համար էլ պատճառները պարզ չեն: «Դե պետք է հայտնաբերվեն, որ պարզ լինի: Քննությունը գնում, պարզ կլինի, էլի»,- ասաց Հայկազ Խաչիկյանը եւ ավելացրեց, որ ներկա պահին իրենց ընտանիքի նկատմամբ սպառնալիքներ չկան: Հայկազ Խաչիկյանը տեղեկացրեց նաեւ, որ Վազգեն Խաչիկյանի հետ հանդիպում է, եւ նրա առողջական վիճակը նորմալ է: Հարցին, թե իրավաբանական կրթություն ունեցող Վազգեն Խաչիկյանը ինչո՞ւ մինչ օրս ցուցմունք չի տալիս, քաղաքապետ եղբայրն արձագանքեց.«Ես ոչ մի այդ կարգի հարցի չեմ կարող պատասխանել»: Նա նշեց, որ երբ հանդիպում են, այդ թեմայից առհասարակ չեն խոսում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 30-ի երեկոյան, նախնական տվյալներով 3 անձինք կոտրել են Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հայրական տան դուռը, եւ սկսել ավերածություններ կատարել։ Խաչիկյանների հարեւանները թղթակցին ասել են, որ հարձակումն իրականացնողների մեջ է եղել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիթչյանը։ Հարձակվողները նաեւ վնասել էին Ախթալայի քաղաքապետի մեքենան: Իսկ այդ հարձակումից հետո Խաչիկյաների կողմնակիցներն են հարձակվել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տան վրա:




























