Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանին, եթե Կադիլակ Սերոժի փոխարեն Մերսեդես Սերոժ ասեին կնեղանար, բայց Կադիլակ Սերոժից չի նեղվում, քանի որ կադիլակի թարգմանությունը իր տեսակին հոգեհարազատ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը:
Պարոն Հովհաննիսյան, տեւական ժամանակ է Հայաստանում չէիք: Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարի պաշտոնից հրաժարական տալուց հետո ինչո՞վ եք զբաղվում: Ասում են արտերկրում առողջարանային բիզնես եք աշխատացնում:
Ես առողջարան ինչո՞վ կարող եմ գնել: Ինձ որտեղից այդքան հնարավորություն: Ես ի՞նչ է` Լորիս Մելիքովն եմ, ո՞վ եմ, որ գնամ` Եվրոպայում առողջարան գնեմ: Ես աշխատավարձով ապրել, ապրում եմ: Ես գնացել եմ ուղղակի եղբորս բիզնեսին սատարելու:
Իսկ ո՞ւր էիք գնացել:
Խոսքը Վիենայի մասին է: Դե ես գնում, գալիս եմ: Մշտական այստեղ եմ ապրում: Մի ամսով էի գնացել, ինչ-որ հարցեր կային, օգնեցի, եկա:
Իսկ խոսքը ի՞նչ բիզնեսի մասին է:
Դե եղբայրս տարբեր տեսակի բիզնես էլ անում է: Ալրաղաց էլ ունի, բժշկական բիզնեսի հետ էլ կապ ունի: Ինչ-որ կլինիկայի հետ դիվիդենտ է:
Հրաժարականից հետո ասացիք, որ անպայման մի բանով պետք է զբաղվեք, որ Ձեր ընտանիքը պահեք: Այն ժամանակ դեռ մտածում էիք: Հիմա ինչո՞վ եք զբաղվում, եկամտի աղբյուր ունե՞ք, թե՞ ոչ:
Դե բիզնեսով եմ զբաղվում: Այդպես է դուրս գալիս: Օրինակի համար ասեմ, որ օրը 5 առաջարկություն է լինում: Որի մեջ տեսնում եմ` կարող եմ եկամուտ ունենալ, եղբայրներս էլ օգնում են եւ ես մասնակցում եմ այդ բիզնեսին: Ֆինասական հնարավորություններս այնքան շատ չեն, որ կարողանամ մեծ, երեւացող բիզնեսի մեջ մտնել:
Ամեն դեպքում երկար տարիներ քաղաքականությամբ եք զբաղվել: Քաղաքական գործունեությանը չե՞ք կարոտել: Կուսակցության հետ կապերը պահո՞ւմ եք, թե՞ ոչ: Եւ հնարավո՞ր է առաջիկայում վերադառնանք քաղաքականություն, թե՞ ոչ:
Կուսակցության հետ կապ ունեմ այնքանով, որ շատ ընկերներ ունեմ կուսակցությունում: Ես էլ ՀՀԿ-ական եմ: Կապ ունեմ, ո՞նց չունեմ: Զանգահարում ենք, հետաքրքրվում առողջությամբ, մյուսով, մյուսով: Հանդիպումներ ենք ունենում իրար հետ, սուրճի, թեյի շուրջ:
Իսկ Դուք ցանկանո՞ւմ եք վերադառնալ քաղաքականություն, թե՞ ոչ:
Դե դեռ մի քիչ առողջական խնդիրներ ունեմ: Դեռ նման նպատակներ չունեմ:
Որքան հասկացա, մնալո՞ւ եք Հայաստանում, այո՞:
Հա գնում գալիս եմ: Մեր պատմական վայրերն եմ գնում, որ ահագին ժամանակ կտրվել էի: Հիմա էլ ուզում եմ գնամ Վանի կողմերը: Դե թաղապետի աշխատանքը շատ ծանրաբեռնված էր: Հիմա փորձում եմ բացը լրացնեմ:
Շատերին հայտնի եք որպես «Կադիլակ Սերոժ», որտեղի՞ց է այդ անունը գալիս:
Ինչ -որ ասելու եմ, գրելո՞ւ ես:
Իհարկե:
Կադիլակ գիտեք` ի՞նչ է նշանակում:
Ինձ կադիլակ մեքենա է հայտնի:
Իսկ կադիլակ մեքենա ինչի համար են դրել գիտե՞ք:
Ոչ, դրա համար էլ հետաքրքրվում եմ:
Մերսեդես, որ ասեին կնեղանայի, բայց, որ «Կադիլակ» են ասում, չեմ նեղանում, քանի որ «Կադիլակի» պերեվոդը, թարգմանությունը նշանակում է կյանք, ազատություն եւ ձգտում` ժիզն, սվաբոդա ի ստրիմլենյա: Դա է նշանակում, ես չեմ վիրավորվում այդ ածականից: Դուք, որ նման ածական ունենայիք, կվիրավորվեի՞ք:
Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ նախապատմություն ունի այդ մականունը:
Դե դա հնարվոր է Աստծու կամքով է, բայց որ թարգմանում եմ իմ սկզբունքներին, համապատասխանող բան ա: Կյանքը շատ եմ սիրում, ազատություն էլ եմ շատ սիրում ու ձգտումներ էլ ունեմ կյանքում:
Ասում էին, որ առաջինը Հայաստանում դուք եք կադիլակ քշել, կամ ներկրմամբ զբաղվել: Դրա համար էլ «Կադիլակ Սերոժ» են ասում:
Դե քշել ել եմ դա էլ կա: Առաջիններից մեկն եմ եղել: Էլի եմ ասում, որ այդ ամենը Աստծո կամքով է:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը





























