Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ, այսօր՝ նոյեմբերի 15-ին, հանդիպել է համալսարանի գիտխորհրդի անդամների հետ:
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարեւորել է պաշտպանության նախարարության եւ ԵՊՄՀ-ի միջեւ համագործակցության խորացումը՝ նշելով, որ ԵՊՄՀ-ի դասախոսներն ու ուսանողները գրեթե ամեն շաբաթ այցելում են զորամասեր, եւ այս համագործակցությունը պետք է շարունակվի:
Պաշտպանության նախարարը զինված ուժերի եւ իր անունից շնորհակալություն հայտնելով հրավերի համար եւ շնորհավորելով ներկաներին ԵՊՄՀ-ի հիմնադրման 90-րդ տարեդարձի առթիվ նշել է, որ. «Բուհի շրջանավարտները տարբեր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել Հայոց բանակի կազմավորման գործում: Ազգային ազատագրական շարժման օրերին մանկավարժական ինստիտուտում եւս կազմավորվեցին ջոկատներ»:
Պաշտպանության նախարարը նշել է նաեւ, որ պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարների հրամաններով հանրապետության բոլոր դպրոցները կցված են զորամասերին, որպեսզի զինվորը չմոռանա իր դպրոցը եւ մշտապես կապ պահպանի դպրոցի մանկավարժների հետ: Բացի դրանից երիտասարդները մշտապես պետք է մուտք ունենան զորամասեր` հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար:
Սեյրան Օհանյանը կարեւորել է նաեւ երկու ոլորտների սերտ համագործակցությունը, որը նպաստում է համատեղ կազմակերպվող մի շարք ռազմահայրենասիրական միջոցառումների միջոցով պաշտպանության համակարգի ընդհանուր ամրապնդման առաջընթացին. «Գտնում եմ, որ մեր համագործակցությունը, որն սկսվել է մեր երկրի համար դժվարագույն ժամանակահատվածում՝ Արցախյան ազատամարտի տարիներին, այսօր արդեն դրված է բարձր մակարդակի վրա»:
Սեյրան Օհանյանը նաեւ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի ռազմական կրթության, սպառազինության եւ այլ ոլորտներում ընթացող բարեփոխումները: Նախարարը առանձնացրել է երկրի անվտանգության համար ամենակարեւոր երեք ճյուղերը՝ տնտեսությունը, բանակը եւ հասարակության ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որոնք հանդիսանում են մեր պետության ընդհանուր անվտանգության հիմնասյունը:
Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի մի քանի օրինակ նվիրել է համալսարանի գրադարանին:
Այնուհետեւ նախարարը պատասխանել է գիտխորհրդի անդամներին հուզող հարցերին:
Սեյրան Օհանյանը գերատեսչական մեդալներով պարգեւատրել է պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, իսկ ԵՊՄՀ-ի թանգարանին հանձնել հուշանվեր:
ԵՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը իր հերթին պաշտպանության նախարարին պարգեւատրել է ՙԵրեւանի պետական մանկավարժական համալսարան 90՚ մեդալով:




























