ՀՀԿ համամասնական ցուցակով Աժ պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունն արդեն նոր գրասենյակ ունի, եւ այդ գրասենյակը ոչ թե վարձակալած է, այլ կուսակցության սեփականությունն է: Գեղամյանի նոր գրասենյակը գտնվում է Հանրապետություն փողոցի վրա, նորակառույց շենքում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
««Թու, թու, թու, լավ տեղ է»,- երեկ մեր թղթակցին ասել է Գեղամյանը` հավելելով. «Նախկին գրասենյակի համեմատությամբ տարբերությունը շոշափելի է, առավելեւս` ՀՀԿ-ի գրասենյակի հարեւանությամբ է, իսկ հիմա մենք, գիտեք, սերտորեն համագործակցում ենք»:
«ՀԺ» թղթակիցը փորձել է Գեղամյանից ճշտել` սեփակա՞ն, թե կուսակցության գումարներով է նոր գրասենյակը ձեռք բերվել: «Այդ բոլոր հարցերին ես հետո կպատասխանեմ»,- ասել է երբեմնի մոլի ընդդիմադիրը:
Երեկ Մոսկովյան փողոցի վրա գտնվող ԱՄ նախկին շենքի ճակատից, որտեղ նախկինում գործում էր ԱՄ-ն` վարձակալության հիմունքներով, հանվել է կուսակցության պաստառը»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























