Հայ ուսանողները ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ իրենց գիտելիքները, բանակցային եւ հաղորդակցության հմտությունները բարելավեցին՝ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ընթացքում իրականացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) դերախաղ, որտեղ քննարկվել են ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը:

Խորհրդաժողովը տեղի ունեցավ այսօր, նոյեմբերի 17-ին Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ): Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) եւ ԵՊՀ-ի համատեղ ջանքերով՝ Համալսարանի եւ ՄԱԿ ՀՏՎ-ի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում:

Այն նվիրված էր Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության եւ Հանդուրժողականության միջազգային օրերին:

«Դասընթացավարների հետ եւ ձեր առանձին խմբերում աշխատելու ընթացքում դուք շատ բան սովորեցիք ՄԱԿ-ի արժեքների եւ ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների մասին: Բանակցելու, համաձայնության գալու եւ հակառակ կողմի կարծիքին հանդուրժողաբար վերաբերվելու կարողությունն օգտակար է ձեր հետագա մասնագիտական առաջընթացի համար եւ ձեզ կօգնի դառնալ ձեր համայնքների առավել ակտիվ անդամներ»,-  խորհրդաժողովի բացմանը նշեց ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն։

«Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի հետ մեր արդյունավետ համագործակցությունը: Ես տպավորված եմ այն խանդավառությունից, որով մեր ուսանողները վերաբերվում են հետազոտությանն ու բանավեճերին, այն նվիրվածությամբ, որով նրանք նախագծում են իրենց համակողմանի դիրքորոշումները, եւ միջազգային դիվանագիտության այն ոգով, որով նրանք շփվում են իրենց ընկեր-պատվիրակների հետ», - ասաց Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։

Օրվա ավարտին բոլոր մասնակիցները ստացան գնահատանքի վկայականներ եւ մրցանակներ:

ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները ՄԱԿ-ի մարմինների դերախաղ են, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ եւ քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի անդամ բազմաթիվ երկրներում, ինչպես եւ Հայաստանում, ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների շրջանում: